ԹՎԵՐ 1

1
Իսրայելի առաջին մարդահամարը
1Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, ժողովի վրանում Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը և ասաց. 2«Հաշվառե՛ք Իսրայելի ժողովրդի բոլոր որդիների համայնքի մարդահամարն ըստ իրենց ազգատոհմերի և ըստ իրենց հայրերի տների՝ հաշվառելով արական սեռի բոլոր մարդկանց իրենց անուններով։ 3Դու և Ահարոնը հաշվառե՛ք Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի գնացողներին՝ իրենց գնդերի համեմատ։ 4Ձեզ հետ ամեն ցեղից մի մարդ թող լինի. սրանցից ամեն մեկը իր հոր տան իշխանը լինի։
5Սրանք են այն մարդկանց անունները, որոնք կանգնելու են ձեզ հետ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը. 6Շմավոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը. 7Հուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը. 8Իսաքարից՝ Սոգարի որդի Նաթանայելը. 9Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը. 10Հովսեփի որդիներից՝ Եփրեմի ցեղից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասեի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիելը. 11Բենիամինից՝ Գեդեոնի որդի Աբիդանը. 12Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը. 13Ասերից՝ Եքրանի որդի Փագիելը. 14Գադից՝ Դագուելի որդի Եղիասափը. 15Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրեն»։ 16Սրանք էին ժողովրդի նշանակվածները՝ իրենց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայելի հազարապետները։
17Մովսեսն ու Ահարոնը վերցրին այս մարդկանց, որոնց անունները հիշվեցին։ 18Երկրորդ ամսվա առաջին օրը, հավաքելով ամբողջ համայնքը, հաշվառեցին ըստ իրենց ազգատոհմերի և իրենց հայրերի տների՝ քսան տարեկանից բարձր բոլորն իրենց անունների թվով։ 19Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, նա այդպես էլ հաշվառեց նրանց Սինայի անապատում։
20Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իր անվան թվով. 21Ռուբենի ցեղից հաշվառվեցին քառասունվեց հազար հինգ հարյուր հոգի։
22Շմավոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 23Շմավոնի ցեղից հաշվառվեց հիսունինը հազար երեք հարյուր հոգի։
24Գադի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 25Գադի ցեղից հաշվառվեց քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն հոգի։
26Հուդայի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 27Հուդայի ցեղից հաշվառվեց յոթանասունչորս հազար վեց հարյուր հոգի։
28Իսաքարի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 29Իսաքարի ցեղից հաշվառվեց հիսունչորս հազար չորս հարյուր հոգի։
30Զաբուղոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 31Զաբուղոնի ցեղից հաշվառվեց հիսունյոթ հազար չորս հարյուր հոգի։
32Հովսեփի որդիներից Եփրեմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 33Եփրեմի ցեղից հաշվառվեց քառասուն հազար հինգ հարյուր հոգի։
34Մանասեի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 35Մանասեի ցեղից հաշվառվեց երեսուներկու հազար երկու հարյուր հոգի։
36Բենիամինի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 37Բենիամինի ցեղից հաշվառվեց երեսունհինգ հազար չորս հարյուր հոգի։
38Դանի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 39Դանի ցեղից հաշվառվեց վաթսուներկու հազար յոթ հարյուր հոգի։
40Ասերի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 41Ասերի ցեղից հաշվառվեց քառասունմեկ հազար հինգ հարյուր հոգի։
42Նեփթաղիմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. 43Նեփթաղիմի ցեղից հաշվառման ենթարկվածները՝ հիսուներեք հազար չորս հարյուր հոգի։ 44Սրանք են այն հաշվառվածները, որոնց հաշվեցին Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի իշխանները, այն տասներկու մարդիկ, որոնցից ամեն մեկն իր հայրերի տան կողմից էր։ 45Եվ այսպես հաշվառվեցին Իսրայելի որդիներից բոլորն ըստ իրենց հայրերի տների, Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները։ 46Բոլոր հաշվառվածները՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի։
47Բայց ղևտացիներն իրենց հայրերի ցեղով սրանց մեջ չհաշվառվեցին։ 48Տերը խոսել էր Մովսեսի հետ՝ ասելով. 49«Միայն ղևտացիների ցեղը չհաշվառես և նրանց թիվը Իսրայելի որդիների հետ չհաշվես։ 50Բայց դու ղևտացիներին կարգի՛ր վկայության վրանի, նրա բոլոր կարասիների և նրան վերաբերող բոլոր բաների վրա։ Նրանք կտանեն վրանն ու նրա ամբողջ կահկարասին, սպասարկություն կանեն նրան և կհաստատվեն վրանի շուրջը։ 51Վրանը տեղափոխելիս ղևտացիներն այն իջեցնեն, իսկ վրանը հանգրվանելիս ղևտացիներն այն կանգնեցնեն։ Դրան մոտեցող օտարականը պիտի մեռցվի։ 52Իսրայելի որդիներն իրենց գնդերով՝ յուրաքանչյուրն իր բանակատեղիում և իր դրոշակի մոտ պիտի հաստատվեն։ 53Բայց ղևտացիները վրանները պիտի խփեն վկայության վրանի շուրջը, որպեսզի բարկություն չիջնի Իսրայելի որդիների վրա. ղևտացիները վկայության վրանի պահպանությունը թող անեն»։ 54Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին. այդպես էլ արեցին։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք