ՆԵԵՄԻԱ 4

4
Նեեմիան հաղթում է թշնամիներին
1Եվ երբ Սանաբաղատը լսեց, որ մենք շինում ենք պարիսպը, բարկացավ և շատ զայրացավ ու ծաղրեց հրեաներին։ 2Եվ խոսեց իր եղբայրների հետ Սամարիայի զորքի առջև և ասաց. «Ի՞նչ են շինում այս թշվառ հրեաները. մի՞թե թույլ կտան նրանց, մի՞թե զոհ են մատուցելու, մի՞թե այսօր վերջացնելու են, մի՞թե կենդանացնելու են քարերը փոշու դեզերից, քանի որ նրանք այրված են»։ 3Ամմոնացի Տուբիան նրա մոտ էր և ասաց. «Եթե նրանց շինածի վրա մի աղվես էլ կանգնի, նրանց քարե պարիսպը կքանդի»։
4Լսի՛ր, ո՛վ մեր Աստված, որ նախատվեցինք, և նրանց նախատինքը դարձրո՛ւ իրենց գլխին և նրանց մատնի՛ր ավար լինելու գերության երկրում։ 5Եվ մի՛ ծածկիր նրանց անօրինությունը, և թող նրանց մեղքը չջնջվի քո առջևից, որովհետև քեզ բարկացրին շինողների առջև։
6Եվ պարիսպը շինեցինք, և ամբողջ պարիսպը շրջափակվեց կիսով չափ, և ժողովուրդը սրտապնդվեց գործելու։
7Եվ երբ որ Սանաբաղատը և Տուբիան և արաբացիները և ամմոնացիները և ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի պարիսպները վերանորոգվում են, և քանդված տեղերն սկսել են կարկատվել, շատ բարկացան։ 8Եվ ամենքը միաբանվեցին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն և նրան վնաս տան։ 9Բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։ 10Եվ հրեաներն ասացին. «Բեռնակիրների ուժը թուլացել է, իսկ հողը շատ է, և մենք չենք կարողանում պարիսպը շինել»։ 11Բայց մեր թշնամիներն ասում էին. «Չիմանան և չտեսնեն, մինչև որ մտնենք նրանց մեջ և սպանենք նրանց և գործը խափանենք»։ 12Եվ երբ նրանց մոտակայքում բնակվող հրեաները եկան և տասն անգամ ամեն տեղերից մեզ ասացին, թե հետ դարձեք մեզ մոտ, 13այն ժամանակ պարսպի հետևի ցած և չոր տեղերում կանգնեցրի ժողովրդին ըստ տոհմերի՝ իրենց սրերով, նիզակներով և աղեղներով։ 14Նայեցի ու վեր կացա և ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Նրանցից մի՛ վախեցեք, հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը և պատերազմե՛ք ձեր եղբայրների, ձեր որդիների ու ձեր դուստրերի, ձեր կանանց և ձեր տների համար»։
15Եվ երբ մեր թշնամիները լսեցին, որ մենք իմացել ենք, և թե Աստված ցրել է նրանց մտադրությունը, մենք ամենքս հետ դարձանք դեպի պարիսպը՝ ամեն մարդ իր գործին։ 16Եվ այն օրից ի վեր իմ մարդկանց կեսը գործ էր անում, իսկ մյուս կեսը նիզակներն ու ասպարներն ու աղեղները և զրահներն էր բռնում, և իշխանները կանգնել էին Հուդայի ամբողջ տան հետևում։ 17Պարիսպը շինողները և բեռնակիրները, որ բեռն իրենց վրա էին բեռնում, մի ձեռքով գործ էին անում, իսկ մյուս ձեռքով զենքն էին բռնած։ 18Եվ կառուցողներից ամեն մեկը, սուրը մեջքին կապած, գործ էր անում, իսկ փողհարն իմ կողքին էր։ 19Եվ ես ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Այս գործը մեծ և ընդարձակ է, իսկ մենք ցրված ենք պարսպի վրա միմյանցից հեռու։ 20Որտեղ որ լսեք փողի ձայնը, այնտեղ մեզ մո՛տ ժողովվեք. մեր Աստվածը պատերազմելու է մեզ համար»։ 21Եվ այսպես մենք գործ էինք անում, և կեսը նիզակներն էր բռնած արշալույսը ծագելուց մինչև աստղերի երևալը։ 22Այն ժամանակ այս էլ ասացի ժողովրդին, որ ամեն մարդ իր ծառայի հետ գիշերը Երուսաղեմում մնա, որ գիշերները մեզ համար պահպանություն անեն և ցերեկը գործեն։ 23Եվ ես ու իմ եղբայրները, իմ ծառաները և իմ հետևից եկող պահապան մարդիկ՝ ամենքս, մեր հանդերձները չէինք հանում, բացի ամեն մարդու ջուրն ուղարկելուց։

Արդեն Ընտրված.

ՆԵԵՄԻԱ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք