ՆԵԵՄԻԱ 3
3
Երուսաղեմի պարիսպների նորոգումը
1Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։ 2Եվ նրա մոտ շինեցին Երիքովի մարդիկ, իսկ նրա մոտ շինեց Իմրիի որդի Զաքուրը։ 3Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։ 4Նրանց մոտ նորոգեց Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը. նրանց մոտ նորոգեց Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը. նրանց մոտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։ 5Եվ նրանց մոտ նորոգեցին թեկուացիները, բայց նրանց երևելիները վիզ չթեքեցին իրենց Տիրոջ ծառայությանը։ 6Հին դուռը նորոգեցին Փասեի որդի Հովիադան և Բոսոդիայի որդի Մեսուղամը. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։ 7Նրանց մոտ նորոգեցին գաբավոնացի Մելատիան և մերոնաթացի Հադոնը և Գաբավոնի ու Մասփայի մարդիկ մինչև Գետի այս կողմի իշխանի աթոռը։ 8Նրա մոտ նորոգեց ոսկերիչներից Հարհայիայի որդի Ոզիելը, իսկ նրա մոտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, և Երուսաղեմը բաց թողեցին մինչև լայն պարիսպը։ 9Եվ նրանց մոտ նորոգեց Ովրի որդի Հռափայիան՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը։ 10Նրանց մոտ նորոգեց Հարումափի որդի Հեդայիան, նաև իր տան դիմացը, իսկ նրա մոտ նորոգեց Ասուբանիայի որդի Քետտուսը։ 11Մյուս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան և Փաաթ-Մովաբի որդի Ասուբը, նաև Փուռերի աշտարակը։ 12Նրա մոտ նորոգեցին Ալոեսի որդի Սեղղումը՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը, ինքը և իր դուստրերը։ 13Ձորի դուռը նորոգեցին Անոնը և Զանովի բնակիչները. նրանք շինեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը, նաև պարսպից հազար կանգուն մինչև Աղբի դուռը։ 14Իսկ Աղբի դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. նա շինեց այն և դրեց նրա դռները, փականքները և նիգերը։ 15Աղբյուրի դուռը նորոգեց Մասփայի բաժնի իշխան Քոլոզեի որդի Սեղղունը. նա շինեց այն և ծածկեց ու դրեց նրա դռները, փականքները և նիգերը, նաև Սիլովայի ավազանի պարիսպը թագավորի պարտեզի մոտից մինչև Դավթի քաղաքից իջնող աստիճանները։ 16Նրանից հետո նորոգեց Աղբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի կես բաժնի իշխանը, մինչև Դավթի գերեզմանների դիմացը և մինչև շինված ջրմուղը և մինչև Հսկաների տունը։
Ղևտացիներ, որոնք մասնակցեցին պարիսպների նորոգմանը
17Նրանից հետո նորոգեցին ղևտացիները՝ Բանիի որդի Հռեումը, նրա մոտ նորոգեց Կեիլայի կես բաժնի իշխանը՝ Ասափիան՝ իր բաժնի չափ։ 18Նրանից հետո նորոգեցին նրա եղբայրները՝ Ենադադի որդի Բավային՝ Կեիլայի կես բաժնի իշխանը։ 19Նրա մոտ Հեսուի Եզերը՝ Մասփայի իշխանը, նորոգեց մյուս մասը՝ զինարան գնալու ճանապարհի դիմացը, անկյունում։ 20Նրանից հետո Զաբբայի որդի Բարուքը փութով նորոգեց մյուս մասը՝ անկյունից մինչև մեծ քահանա Եղիասիբի տան մուտքը։ 21Նրանից հետո Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը նորոգեց մյուս մասը՝ Եղիասիբի տան մուտքից մինչև Եղիասիբի տան վերջը։
Քահանաներ, որոնք մասնակցեցին պարիսպների նորոգմանը
22Նրանից հետո նորոգեցին քահանաները՝ դաշտի բնակիչները։ 23Նրանից հետո իրենց տների առաջը նորոգեցին Բենիամինը և Ասուբը. նրանից հետո Անանիայի որդի Մաասիայի որդի Ազարիան նորոգեց իր տան մոտերքը։ 24Մյուս մասը՝ Ազարիայի տնից մինչև անկյունը և շրջադարձը, նորոգեց Ենադադի որդի Բանուին։ 25Ոզայի որդի Փաղաղը՝ անկյունի և աշտարակի դիմացը, որ թագավորի վերին տանից դուրս է գալիս բանտի գավթի մոտ. նրանից հետո՝ Փարոսի որդի Փադայիան։ 26Եվ նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում, նորոգեցին մինչև Ջրի դռան դիմացը դեպի արևելք և դուրս եկած աշտարակը։
Այլ աշխատողներ
27Նրանից հետո թեկուացիները նորոգեցին մյուս մասը՝ դուրս եկած Մեծ աշտարակի դիմացը՝ մինչև Ոփաղի պարիսպը։ 28Ձիերի դռնից վեր նորոգեցին քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։ 29Նրանից հետո իր տան դիմացը նորոգեց Եմմերի որդի Սադովկը, իսկ նրանից հետո նորոգեց Սեքենիայի որդի Սեմայիան՝ արևելյան դռան պահապանը։ 30Նրանից հետո մյուս մասը նորոգեցին Սեղեմիայի որդի Անանիան և Սեղեփի վեցերորդ որդի Անոնը. նրանից հետո իր սենյակի դիմացը նորոգեց Բարաքիայի որդի Մեսուղամը։ 31Նրանից հետո ոսկերչի որդի Մեղքիան նորոգեց մինչև նաթանայիմների և վաճառականների տունը, մինչև Մափկաթի դռան դիմացը և մինչև անկյունի վերնատունը։ 32Իսկ անկյունի վերնատան ու Ոչխարաց դռան մեջտեղը նորոգեցին ոսկերիչները և վաճառականները։
Արդեն Ընտրված.
ՆԵԵՄԻԱ 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018