Մատթեոս 4

4
Հիսուսի փորձությունն անապատում
(Մրկ. 1.12-13, Ղուկ. 4.1-13)
1Այդ ժամանակ Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ 2Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ 3Եվ փորձիչը, նրան մոտենալով, ասաց. «Եթե Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ 4Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է.
"Ոչ միայն հացով է մարդն ապրում,
այլև այն ամեն խոսքով, որ
Աստծու բերանից է ելնում" (Բ Օր. 8.3)»։
5Այդ ժամանակ սատանան նրան տարավ սուրբ քաղաքը, տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց 6ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդին ես, քեզ ցա՛ծ նետիր, որովհետև գրված է.
"Իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի,
և նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն,
որ երբեք ոտքդ քարին չխփես" (Սաղ. 91.11ա, 12)»։
7Հիսուսը նրան ասաց. «Դարձյալ գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, չփորձես" (Բ Օր. 6.16)»։
8Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը։ 9Եվ նրան ասաց. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ»։ 10Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է.
"Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես
ու միայն նրան կպաշտես" (Բ Օր. 6.13)»։
11Այդ ժամանակ սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտ եկան ու ծառայում էին նրան։
Քարոզչություն Գալիլեայում
(Մրկ. 1.14-15, Ղուկ. 4.14-15)
12Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվել է, գնաց Գալիլեա. 13թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում, 14որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.
15 «Զաբուղոնի՛ երկիր ու Նեփթաղիմի՛ երկիր,
ծովի ճանապարհ՝ Հորդանանից այն կողմ,
հեթանոսների Գալիլեա՛.
16 ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած,
մեծ լույս տեսավ,
և մահվան ստվերով աշխարհում նստողների համար
լույս ծագեց» (Ես. 9.1-2)։
17Այդ ժամանակից Հիսուսն սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։
Ձկնորսներից՝ առաքյալներ
(Մրկ. 1.16-20, Ղուկ. 5.1-11)
18Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և Անդրեասին՝ նրա եղբորը. նրանք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորսներ էին։ 19Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։ 20Նրանք, իսկույն իրենց ուռկանները թողնելով, գնացին նրա հետևից։ 21Այնտեղից առաջանալով՝ Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, իրենց հոր՝ Զեբեդեոսի հետ նավի մեջ ուռկանները կարգի բերելիս։ Հիսուսը կանչեց նրանց։ 22Նրանք, իսկույն թողնելով նավն ու իրենց հորը, գնացին նրա հետևից։
Բազմություններ Հիսուսի հետևից
(Ղուկ. 6.17-19)
23Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում, ուսուցանում նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում։ 24Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ. Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին զանազան ցավերից ու տանջանքներից՝ դիվահարների, լուսնոտների, անդամալույծների, և նա բժշկում էր նրանց։ 25Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանանի մյուս կողմից։

Արդեն Ընտրված.

Մատթեոս 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք