Մատթեոս 3
3
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը
(Մրկ. 1.1-8, Ղուկ. 3.1-9, 15-17, Հովհ. 1.19-28)
1Այն օրերին հայտնվեց Հովհաննես Մկրտիչը, որ քարոզում էր Հրեաստանի անապատում 2և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ 3Սա նա է, ում մասին ասվել է Եսայի մարգարեի միջոցով.
«Անապատում կանչողի ձայնն է.
"Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը,
ուղի՛ղ արեք նրա շավիղները"» (Ես. 40.3)։
4Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի բրդից հագուստ ուներ և մեջքին՝ կաշվե գոտի։ Նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր։ 5Այդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմի, ամբողջ Հրեաստանի և Հորդանանի ողջ շրջակայքի բնակիչները։ 6Եվ նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում և խոստովանում իրենց մեղքերը։
7Երբ Հովհաննեսը տեսավ, որ փարիսեցիներից և սադուկեցիներից շատերն են եկել իր մոտ՝ մկրտությունը տեսնելու, նրանց ասաց. «Իժի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից։ 8Արդ ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք։ 9Եվ մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. "Մենք որպես հայր ունենք Աբրահամին", որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված Աբրահամի համար կարող է նաև այս քարերից որդիներ ստեղծել։ 10Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել. արդ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում։ 11Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է իմ հետևից, ինձանից զորավոր է. ես արժանի չեմ անգամ նրա կոշիկները բռնելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով։ 12Հոսելին նրա ձեռքում է. նա՛ կմաքրի իր կալը, ցորենը շտեմարանի մեջ կհավաքի, իսկ հարդը կայրի անշեջ հրով»։
Հիսուսի մկրտությունը
(Մրկ. 1.9-11, Ղուկ. 3.21-22)
13Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ 14Հովհաննեսը կանխեց նրան՝ ասելով. «Ե՛ս պետք է քեզանից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։ 15Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»։ Այդ ժամանակ Հովհաննեսը նրան թույլ տվեց։ 16Եվ Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ աղավնակերպ իջնում էր ու գալիս էր իր վրա։ 17Եվ ահա երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։
Արդեն Ընտրված.
Մատթեոս 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018