Այն օրերին հայտնվեց Հովհաննես Մկրտիչը, որ քարոզում էր Հրեաստանի անապատում և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ Սա նա է, ում մասին ասվել է Եսայի մարգարեի միջոցով.
«Անապատում կանչողի ձայնն է.
"Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը,
ուղի՛ղ արեք նրա շավիղները"» ։
Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի բրդից հագուստ ուներ և մեջքին՝ կաշվե գոտի։ Նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր։ Այդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմի, ամբողջ Հրեաստանի և Հորդանանի ողջ շրջակայքի բնակիչները։ Եվ նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում և խոստովանում իրենց մեղքերը։
Երբ Հովհաննեսը տեսավ, որ փարիսեցիներից և սադուկեցիներից շատերն են եկել իր մոտ՝ մկրտությունը տեսնելու, նրանց ասաց. «Իժի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից։ Արդ ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք։ Եվ մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. "Մենք որպես հայր ունենք Աբրահամին", որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված Աբրահամի համար կարող է նաև այս քարերից որդիներ ստեղծել։ Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել. արդ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում։ Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է իմ հետևից, ինձանից զորավոր է. ես արժանի չեմ անգամ նրա կոշիկները բռնելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով։ Հոսելին նրա ձեռքում է. նա՛ կմաքրի իր կալը, ցորենը շտեմարանի մեջ կհավաքի, իսկ հարդը կայրի անշեջ հրով»։
Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ Հովհաննեսը կանխեց նրան՝ ասելով. «Ե՛ս պետք է քեզանից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»։ Այդ ժամանակ Հովհաննեսը նրան թույլ տվեց։ Եվ Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ աղավնակերպ իջնում էր ու գալիս էր իր վրա։ Եվ ահա երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։