Ղուկաս 6

6
Շաբաթ օրով պոկված հասկեր
(Մտթ. 12.1-8, Մրկ. 2.23-28)
1Շաբաթ օր էր, երբ Հիսուսն անցնում էր արտերի միջով. նրա աշակերտները հասկ էին պոկում, ափի մեջ տրորում և ուտում։ 2Փարիսեցիներից ոմանք նրանց ասացին. «Ինչո՞ւ եք անում այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրով»։ 3Հիսուսը նրանց պատասխանեց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգացին ինքը և իր հետ եղողները. 4ինչպես նա Աստծու տունը մտավ, վերցրեց առաջավորաց հացերն ու կերավ և տվեց իր հետ եղողներին, որ ուտելու իրավունք չունեին, բացի քահանաներից»։ 5Եվ նրանց ասաց. «Մարդու Որդին նաև շաբաթ օրվա տերն է»։
Չորացած ձեռքի բժշկումը
(Մտթ. 12.9-14, Մրկ. 3.1-6)
6Մի ուրիշ շաբաթ օր նա ժողովարան մտավ և ուսուցանում էր. այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը չորացած էր։ 7Դպիրներն ու փարիսեցիները հետևում էին նրան՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով պիտի բժշկի՞, որպեսզի նրան ամբաստանելու բան գտնեն։ 8Իսկ նա, որ գիտեր նրանց մտքերը, չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց ու մեջտեղում կանգնի՛ր»։ Նա վեր կացավ և կանգնեց։ 9Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ եմ հարցնում. ի՞նչն է օրինավոր շաբաթ օրով՝ բարի՞ք անելը, թե՞ չարիք, հոգի ապրեցնե՞լը, թե՞ կորստյան մատնելը»։ 10Եվ շուրջը հավաքված բոլորի վրա նայելով՝ այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, և նրա ձեռքը մյուսի նման առողջացավ։ 11Նրանք կատաղությամբ լցվեցին և միմյանց հետ խոսում էին, թե Հիսուսին ի՛նչ անեն։
Տասներկուսի ընտրությունը
(Մտթ. 10.1-4, Մրկ. 3.13-19)
12Այդ օրերին Հիսուսը լեռը ելավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։ 13Երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին, ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց և առաքյալներ անվանեց. 14Սիմոնին, որին էլ Պետրոս անվանեց, և Անդրեասին՝ նրա եղբորը, Հակոբոսին ու Հովհաննեսին, Փիլիպպոսին և Բարթողոմեոսին, 15Մատթեոսին և Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին և Սիմոնին՝ Նախանձահույզ կոչվածին, 16Հակոբոսի որդի Հուդային և Հուդա Իսկարիովտացուն, որը և մատնիչ եղավ։
Բազմություններ Հիսուսի հետևից
(Մտթ. 4.23-25)
17Եվ նրանց հետ իջնելով՝ կանգ առավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ, ինչպես նաև Հրեաստանից ու Երուսաղեմից, Տյուրոսի ու Սիդովնի ծովեզերքից ժողովրդի մի մեծ բազմություն 18եկել էին նրան լսելու և իրենց հիվանդություններից բժշկվելու։ Եվ պիղծ ոգիներից տառապողները բժշկվում էին։ 19Ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև նրանից զորություն էր դուրս գալիս ու բժշկում էր բոլորին։
Երանիներ և վայեր
(Մտթ. 5.1-12)
20Հիսուսն աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց.
«Երանի՜ աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։
21Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենաք։
Երանի՜ նրանց, ովքեր լալիս են այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։
22Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, երբ ձեզ մերժեն ու նախատեն և Մարդու Որդու պատճառով ձեր անունը վարկաբեկեն։ 23Այդ օրն ուրա՛խ եղեք ու ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում, որովհետև մարգարեների հանդեպ նրանց հայրերը նույն կերպ էին վարվում։
24Բայց վա՛յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունն արդեն ստացել եք։
25Վա՛յ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցելու եք։
Վա՛յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք և լացեք։
26Վա՛յ ձեզ, երբ բոլոր մարդիկ ձեր մասին բարի խոսեն, որովհետև սուտ մարգարեներին նրանց հայրերն այդպես էին անում։
Սեր թշնամիների հանդեպ
(Մտթ. 5.38-48, 7.12)
27Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք. սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին։ 28Օրհնե՛ք ձեզ անիծողներին, աղոթե՛ք ձեզ նեղողների համար։ 29Քո մի երեսին խփողին մյո՛ւսն էլ մոտեցրու. նրան, ով քո վերարկուն վրայիցդ հանում է, մի՛ արգելիր նրան շապիկդ էլ վերցնել։ 30Ամենքին, ով քեզանից ուզում է, տո՛ւր, քեզնից վերցնողից էլ հետ մի՛ պահանջիր։ 31Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դո՛ւք արեք նրանց։ 32Եվ եթե դուք ձեզ սիրողների՛ն սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են իրենց սիրողներին սիրում։ 33Եվ եթե ձեր բարերարների՛ն բարիք անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են նույնն անում։ 34Եվ եթե փոխ եք տալիս նրանց, որոնցից ակնկալում եք հետ առնել, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են մեղավորներին փոխ տալիս, որպեսզի հավասար չափով հետ առնեն։ 35Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք գործեք և ոչինչ չակնկալելո՛վ փոխ տվեք, ու ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա գթառատ է ապերախտների ու չարերի հանդեպ։ 36Ուրեմն ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած։
Ուրիշներին դատելը
(Մտթ. 7.1-5)
37Եվ մի՛ դատեք ու չեք դատվի, մի՛ պատժեք ու չեք պատժվի, ներե՛ք և ներված կլինեք։ 38Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի»։
39Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն։ 40Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց կատարյալ դարձած ամեն ոք իր ուսուցչի պես կլինի։
41Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ 42Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ "Եղբա՛յր, թող քո աչքի միջի շյուղը հանեմ", բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և հետո լավ կտեսնես, թե ինչպես քո եղբոր աչքից շյուղը հանես։
Ծառը պտղից է ճանաչվում
(Մտթ. 7.16-20, 12.33-35)
43Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ տա։ 44Քանզի յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում. որովհետև փշերից թուզ չեն քաղում, ոչ էլ մորենուց խաղող են հավաքում։ 45Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդն իր սրտի չար կուտակվածից չարն է բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում։
Երկու տները
(Մտթ. 7.24-27)
46Եվ ինչո՞ւ եք ինձ "Տե՛ր, Տե՛ր" կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ 47Ամեն ոք, ով ինձ մոտ է գալիս ու իմ խոսքերը լսում և դրանք կատարում, ցույց կտամ ձեզ, թե ո՛ւմ է նման։ 48Նման է տուն կառուցող մի մարդու, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը ժայռի վրա դրեց։ Երբ հեղեղ եղավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված։ 49Բայց նա, ով լսում է և չի կատարում, նման է մի մարդու, որ տուն է կառուցում հողի վրա առանց հիմքի. գետը խփեց, և այն իսկույն փլվեց, և այդ տան կործանումը մեծ եղավ»։

Արդեն Ընտրված.

Ղուկաս 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք