Ղուկաս 5
5
Ձկնորսներից՝ առաքյալներ
(Մտթ. 4.18-22, Մրկ. 1.16-20)
1Երբ ժողովուրդն Աստծու խոսքը լսելու համար խռնվում էր նրա շուրջը, նա կանգնած էր Գեննեսարեթի լճի ափին։ 2Եվ լճափին երկու նավ տեսավ. ձկնորսներն էլ դրանց միջից դուրս էին եկել և ուռկաններն էին լվանում։ 3Նա այդ նավերից մեկի մեջ մտավ, որ Սիմոնինն էր, ու նրան խնդրեց ցամաքից մի քիչ հեռացնել այն. նստեց ու նավի միջից ուսուցանում էր ժողովրդին։
4Եվ երբ խոսելուց դադարեց, Սիմոնին ասաց. «Քշի՛ր դեպի խորքը, ու ձեր ուռկանները գցե՛ք որսալու»։ 5Սիմոնը նրան պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ»։ 6Եվ երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ լցվեցին, ու նրանց ուռկանները պատռվում էին։ 7Մյուս նավի մեջ գտնվողներին նշան էին անում, որ գան իրենց օգնելու։ Նրանք եկան և երկու նավերն այնքան լցրին, որ սուզվում էին։ 8Եվ Սիմոն Պետրոսը, այդ տեսնելով, Հիսուսի ծնկներին ընկավ ու ասաց. «Տե՛ր, հեռո՛ւ գնա ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ 9Քանզի ահը պատեց նրան և բոլորին, ովքեր նրա հետ էին, այն ձկների համար, որ բռնել էին. 10նույնպես և Զեբեդեոսի որդիներին՝ Հակոբոսին ու Հովհաննեսին, որոնք Սիմոնի ընկերներն էին։ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր. այսուհետև մարդկանց պիտի որսաս»։ 11Եվ նավերը ցամաք հանեցին, ամեն ինչ թողեցին ու նրան հետևեցին։
Բորոտի բժշկումը
(Մտթ. 8.1-4, Մրկ. 1.40-45)
12Երբ Հիսուսը քաղաքներից մեկում էր, ահա բորոտությամբ պատված մի մարդ, տեսնելով Հիսուսին, երեսի վրա ընկած, նրան աղաչեց ու ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ 13Եվ նա, իր ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն նրա վրայից անցավ։ 14Հիսուսը նրան պատվիրեց, որ ոչ ոքի չասի, այլ. «Գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և քո մաքրվելու համար ընծա՛ մատուցիր, ինչպես որ Մովսեսն է հրամայել, նրանց իբրև վկայություն նրանց»։ 15Իսկ նրա համբավն ավելի էր տարածվում, և շատ ժողովուրդ էր հավաքվում նրան լսելու ու իրենց հիվանդություններից բժշկվելու։ 16Իսկ նա հեռանում էր ամայի տեղեր և աղոթում։
Անդամալույծի բժշկումը
(Մտթ. 9.1-8, Մրկ. 2.1-12)
17Մի օր, երբ նա ուսուցանում էր, նստած էին փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները, որ եկել էին Գալիլեայի ու Հրեաստանի բոլոր գյուղաքաղաքներից և Երուսաղեմից։ Եվ բժշկելու համար Տիրոջ զորությունը նրա հետ էր։ 18Եվ ահա մարդիկ մահիճով մի մարդու էին բերում, որ անդամալույծ էր, և ուզում էին նրան ներս մտցնել ու Հիսուսի առաջ դնել։ 19Երբ այն ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացվածքից նրան մահիճով իջեցրին մեջտեղը՝ Հիսուսի առաջ։ 20Նրանց հավատը տեսնելով՝ ասաց. «Ո՛վ մարդ, քո մեղքերը քեզ ներված են»։ 21Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել ու ասել. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է մեղքերը ներել, եթե ոչ՝ միայն Աստված»։ 22Իսկ Հիսուսը, նրանց մտքերը գիտենալով, ասաց. «Ի՞նչ եք ձեր սրտերում խորհում։ 23Ո՞րն է ավելի հեշտ՝ ասել "Քեզ ներված լինեն քո մեղքերը", թե՞ ասել "Վե՛ր կաց ու քայլի՛ր"։ 24Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու (անդամալույծին ասաց). "Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ ու քո տո՛ւն գնա"»։ 25Եվ նա իսկույն վեր կացավ նրանց առաջ, իր վրա վերցրեց այն, ինչի վրա պառկած էր և իր տուն գնաց՝ Աստծուն փառաբանելով։ 26Եվ բոլորն ապշահար եղան և փառավորում էին Աստծուն. ահով լցվեցին ու ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։
Հիսուսը կանչում է Ղևիին
(Մտթ. 9.9-13, Մրկ. 2.13-17)
27Դրանից հետո Հիսուսը դուրս ելավ ու մի մաքսավորի տեսավ՝ Ղևի անունով, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ 28Նա ամեն բան թողեց, վեր կացավ և նրա հետևից գնաց։ 29Ղևին իր տանը նրա համար մեծ ընդունելություն արեց. և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ 30Փարիսեցիներն ու դպիրները նրա աշակերտների մոտ տրտնջում էին ու ասում. «Ինչո՞ւ եք մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։ 31Հիսուսը պատասխանեց նրանց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ 32Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։
Վեճ ծոմապահության մասին
(Մտթ. 9.14-17, Մրկ. 2.18-22)
33Իսկ նրանք ասացին նրան. «Հովհաննեսի աշակերտները հաճախ ծոմ են պահում, աղոթում, նույնպես էլ՝ փարիսեցիներինը, իսկ քո աշակերտներն ուտում են և խմում»։ 34Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին ծոմ պահել տալ, քանի դեռ փեսան նրանց հետ է։ 35Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»։ 36Նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հին հագուստի վրա նոր հագուստից կարկատան չի գցի, այլապես և՛ նորը կպատռվի, և՛ նոր կտորը հնի հետ չի հարմարվի։ 37Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։ 38Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն։ 39Ոչ ոք հինը խմելուց հետո նորը չի ուզի, որովհետև կասի, թե հինն ավելի լավն է»։
Արդեն Ընտրված.
Ղուկաս 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018