Ղուկաս 4

4
Հիսուսի փորձությունն անապատում
(Մտթ. 4.1-11, Մրկ. 1.12-13)
1Հիսուսը, Սուրբ Հոգով լցված, Հորդանանից վերադարձավ և Հոգով անապատ առաջնորդվեց։ 2Սատանայի կողմից քառասուն օր փորձվեց և այն օրերին ոչինչ չկերավ, իսկ երբ օրերը լրացան, քաղց զգաց։
3Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այս քարին ասա՛, որ հաց դառնա»։ 4Եվ Հիսուսը նրան ասաց. «Գրված է.
"Մարդ միայն հացով չի ապրում,
այլև Աստծու ամեն խոսքով # 4.4 Հն. ձեռ. չկա այլև Աստծու ամեն խոսքով։ " (Բ Օր. 8.3)»։
5Եվ սատանան նրան մի բարձր լեռ տարավ ու մի վայրկյանում նրան աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվեց։ 6Եվ սատանան նրան ասաց. «Այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում ցանկանում եմ, տալիս եմ այն։ 7Արդ եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, ամբողջը քոնը կլինի»։ 8Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Գրված է.
"Տիրոջը՝ քո Աստծուն, պետք է երկրպագես
ու միայն նրան պաշտես" (Բ Օր. 6.13)»։
9Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այստեղից քեզ ցա՛ծ գցիր, 10որովհետև գրված է.
"Քեզ համար իր հրեշտակներին կհրամայի,
որ քեզ պահեն,
11 որ քեզ ձեռքերի վրա վերցնեն,
որպեսզի ոտքդ երբեք քարի չդիպչի" (Սաղ. 91.11-12)»։
12Հիսուսը նրան ասաց. «Ասված է.
"Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ փորձիր" (Բ Օր. 6.16)»։
13Եվ երբ սատանան ամեն փորձություն կատարեց, նրանից միառժամանակ հեռացավ։
Քարոզչություն Գալիլեայում
(Մտթ. 4.12-17, Մրկ. 1.14-15)
14Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու նրա համբավը տարածվեց այն գավառի բոլոր կողմերում։ 15Եվ նրանց ժողովարաններում ուսուցանում էր՝ բոլորի կողմից փառաբանվելով։
Հիսուսը Նազարեթում
(Մտթ. 13.53-57, Մրկ. 6.1-6)
16Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։ 17Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, և երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր.
18 «Տիրոջ Հոգին ինձ վրա է,
որովհետև ի՛նձ օծեց
և ի՛նձ ուղարկեց
աղքատներին բարի լուրը ավետելու,
սրտով բեկյալներին բժշկելու,
գերիներին ազատություն քարոզելու
և կույրերին՝ տեսողություն,
հարստահարվածներին ազատ արձակելու,
19 Տիրոջն ընդունելի տարին քարոզելու» (Ես. 61.1-2)։
20Եվ փակելով Գիրքը՝ պաշտոնյային տվեց ու նստեց. ժողովարանում բոլորի աչքերը նրան էին սևեռված։ 21Եվ սկսեց նրանց ասել. «Այսօր այս գրվածքը կատարվեց, որ ձեր ականջներով լսեք»։ 22Բոլորը համաձայնվում էին նրա հետ ու զարմանում այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից, և ասում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»։ 23Եվ ասաց նրանց. «Իհարկե, ինձ այս առակը կասեք. "Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ"։ Կափառնաումում եղած որքա՜ն բաներ լսեցինք, այստեղ՝ քո հայրենիքո՛ւմ էլ արա»։ 24Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։ 25Արդարև ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում շատ այրիներ կային։ Այն ժամանակ երկինքը երեք տարի ու վեց ամիս փակվեց, և ամբողջ երկրով մեկ մեծ սով եղավ։ 26Եվ Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեց, այլ միայն սիդոնացիների Սարեփթա քաղաքը#4.26 Գ Թագ. 17.7-10։՝ մի այրի կնոջ մոտ։ 27Եղիսե մարգարեի ժամանակ Իսրայելում շատ բորոտներ կային, ու նրանցից ոչ ոք չմաքրվեց, բացի Նեեման Ասորուց»։ 28Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը բարկությամբ լցվեցին։ 29Եվ վեր կացան, նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն լեռնագագաթը, որի վրա իրենց քաղաքն էր կառուցված, որպեսզի գահավեժ անեն նրան։ 30Իսկ նա, նրանց միջով անցնելով, գնաց։
Դիվահարի բժշկումը
(Մրկ. 1.21-28)
31Եվ իջավ Գալիլեայի Կափառնաում քաղաքը և շաբաթ օրերին ուսուցանում էր նրանց։ 32Նրա վարդապետության վրա զարմանում էին, որովհետև նրա խոսքն իշխանությամբ էր։ 33Ժողովարանում մի մարդ կար, որ պիղծ դևի ոգի ուներ. նա բարձրաձայն աղաղակեց. 34«Օ՜հ, մեզ հետ ի՞նչ գործ ունես, Հիսո՛ւս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբն ես»։ 35Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր ու դո՛ւրս ելիր դրանից»։ Դևը նրան մեջտեղում գետին զարկեց ու նրանից դուրս ելավ և նրան ոչ մի վնաս չտվեց։ 36Բոլորին զարմանք պատեց. միմյանց հետ խոսում էին և ասում. «Ի՞նչ խոսք է սա, որ իշխանությամբ ու զորությամբ պիղծ ոգիներին սաստում է, և նրանք դուրս են գալիս»։ 37Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր գավառներում։
Զանազան բժշկումներ
(Մտթ. 8.14-17, Մրկ. 1.29-34)
38Եվ ժողովարանից ելավ ու մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բռնվել էր սաստիկ տենդով, և նրա համար խնդրեցին նրան։ 39Հիսուսը կանգնեց նրա մոտ, սաստեց տենդին, ու տենդը նրան թողեց։ Նա իսկույն վեր կացավ ու ծառայում էր նրանց։
40Եվ մայրամուտին բոլոր նրանք, ովքեր տեսակ-տեսակ ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց. իսկ նա ձեռքը դնում էր նրանցից յուրաքանչյուրի վրա և բժշկում նրանց։ 41Շատերի միջից էլ դևեր էին դուրս գալիս, աղաղակում էին ու ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Իսկ նա, սաստելով, նրանց թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։
Քարոզչական շրջագայություն
(Մրկ. 1.35-39)
42Երբ լույսը բացվեց, Հիսուսը ելավ գնաց մի ամայի տեղ։ Եվ ժողովուրդը փնտրում էր նրան։ Եկան նրա մոտ և չէին թողնում նրան, որ իրենցից հեռանար։ 43Իսկ նա նրանց ասաց. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծու արքայությունը քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»։ 44Եվ քարոզում էր Հրեաստանի ժողովարաններում։

Արդեն Ընտրված.

Ղուկաս 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք