Ղուկաս 5:27-39

Ղուկաս 5:27-39 ՆՎԱԱ

Դրանից հետո Հիսուսը դուրս ելավ ու մի մաքսավորի տեսավ՝ Ղևի անունով, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ Նա ամեն բան թողեց, վեր կացավ և նրա հետևից գնաց։ Ղևին իր տանը նրա համար մեծ ընդունելություն արեց. և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ Փարիսեցիներն ու դպիրները նրա աշակերտների մոտ տրտնջում էին ու ասում. «Ինչո՞ւ եք մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։ Իսկ նրանք ասացին նրան. «Հովհաննեսի աշակերտները հաճախ ծոմ են պահում, աղոթում, նույնպես էլ՝ փարիսեցիներինը, իսկ քո աշակերտներն ուտում են և խմում»։ Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին ծոմ պահել տալ, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»։ Նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հին հագուստի վրա նոր հագուստից կարկատան չի գցի, այլապես և՛ նորը կպատռվի, և՛ նոր կտորը հնի հետ չի հարմարվի։ Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն։ Ոչ ոք հինը խմելուց հետո նորը չի ուզի, որովհետև կասի, թե հինն ավելի լավն է»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում