Ղուկաս 5:17-39

Ղուկաս 5:17-39 ՆՎԱԱ

Մի օր, երբ նա ուսուցանում էր, նստած էին փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները, որ եկել էին Գալիլեայի ու Հրեաստանի բոլոր գյուղաքաղաքներից և Երուսաղեմից։ Եվ բժշկելու համար Տիրոջ զորությունը նրա հետ էր։ Եվ ահա մարդիկ մահիճով մի մարդու էին բերում, որ անդամալույծ էր, և ուզում էին նրան ներս մտցնել ու Հիսուսի առաջ դնել։ Երբ այն ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացվածքից նրան մահիճով իջեցրին մեջտեղը՝ Հիսուսի առաջ։ Նրանց հավատը տեսնելով՝ ասաց. «Ո՛վ մարդ, քո մեղքերը քեզ ներված են»։ Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել ու ասել. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է մեղքերը ներել, եթե ոչ՝ միայն Աստված»։ Իսկ Հիսուսը, նրանց մտքերը գիտենալով, ասաց. «Ի՞նչ եք ձեր սրտերում խորհում։ Ո՞րն է ավելի հեշտ՝ ասել "Քեզ ներված լինեն քո մեղքերը", թե՞ ասել "Վե՛ր կաց ու քայլի՛ր"։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու (անդամալույծին ասաց). "Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ ու քո տո՛ւն գնա"»։ Եվ նա իսկույն վեր կացավ նրանց առաջ, իր վրա վերցրեց այն, ինչի վրա պառկած էր և իր տուն գնաց՝ Աստծուն փառաբանելով։ Եվ բոլորն ապշահար եղան և փառավորում էին Աստծուն. ահով լցվեցին ու ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։ Դրանից հետո Հիսուսը դուրս ելավ ու մի մաքսավորի տեսավ՝ Ղևի անունով, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ Նա ամեն բան թողեց, վեր կացավ և նրա հետևից գնաց։ Ղևին իր տանը նրա համար մեծ ընդունելություն արեց. և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ Փարիսեցիներն ու դպիրները նրա աշակերտների մոտ տրտնջում էին ու ասում. «Ինչո՞ւ եք մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։ Իսկ նրանք ասացին նրան. «Հովհաննեսի աշակերտները հաճախ ծոմ են պահում, աղոթում, նույնպես էլ՝ փարիսեցիներինը, իսկ քո աշակերտներն ուտում են և խմում»։ Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին ծոմ պահել տալ, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»։ Նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հին հագուստի վրա նոր հագուստից կարկատան չի գցի, այլապես և՛ նորը կպատռվի, և՛ նոր կտորը հնի հետ չի հարմարվի։ Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն։ Ոչ ոք հինը խմելուց հետո նորը չի ուզի, որովհետև կասի, թե հինն ավելի լավն է»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում