Ղուկաս 5:1-14

Ղուկաս 5:1-14 ՆՎԱԱ

Երբ ժողովուրդն Աստծու խոսքը լսելու համար խռնվում էր նրա շուրջը, նա կանգնած էր Գեննեսարեթի լճի ափին։ Եվ լճափին երկու նավ տեսավ. ձկնորսներն էլ դրանց միջից դուրս էին եկել և ուռկաններն էին լվանում։ Նա այդ նավերից մեկի մեջ մտավ, որ Սիմոնինն էր, ու նրան խնդրեց ցամաքից մի քիչ հեռացնել այն. նստեց ու նավի միջից ուսուցանում էր ժողովրդին։ Եվ երբ խոսելուց դադարեց, Սիմոնին ասաց. «Քշի՛ր դեպի խորքը, ու ձեր ուռկանները գցե՛ք որսալու»։ Սիմոնը նրան պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ»։ Եվ երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ լցվեցին, ու նրանց ուռկանները պատռվում էին։ Մյուս նավի մեջ գտնվողներին նշան էին անում, որ գան իրենց օգնելու։ Նրանք եկան և երկու նավերն այնքան լցրին, որ սուզվում էին։ Եվ Սիմոն Պետրոսը, այդ տեսնելով, Հիսուսի ծնկներին ընկավ ու ասաց. «Տե՛ր, հեռո՛ւ գնա ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Քանզի ահը պատեց նրան և բոլորին, ովքեր նրա հետ էին, այն ձկների համար, որ բռնել էին. նույնպես և Զեբեդեոսի որդիներին՝ Հակոբոսին ու Հովհաննեսին, որոնք Սիմոնի ընկերներն էին։ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր. այսուհետև մարդկանց պիտի որսաս»։ Եվ նավերը ցամաք հանեցին, ամեն ինչ թողեցին ու նրան հետևեցին։ Երբ Հիսուսը քաղաքներից մեկում էր, ահա բորոտությամբ պատված մի մարդ, տեսնելով Հիսուսին, երեսի վրա ընկած, նրան աղաչեց ու ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Եվ նա, իր ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն նրա վրայից անցավ։ Հիսուսը նրան պատվիրեց, որ ոչ ոքի չասի, այլ. «Գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և քո մաքրվելու համար ընծա՛ մատուցիր, ինչպես որ Մովսեսն է հրամայել, նրանց իբրև վկայություն նրանց»։

Video for Ղուկաս 5:1-14