Ղուկաս 4:14-30

Ղուկաս 4:14-30 ՆՎԱԱ

Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու նրա համբավը տարածվեց այն գավառի բոլոր կողմերում։ Եվ նրանց ժողովարաններում ուսուցանում էր՝ բոլորի կողմից փառաբանվելով։ Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։ Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, և երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին քարոզելու» ։ Եվ փակելով Գիրքը՝ պաշտոնյային տվեց ու նստեց. ժողովարանում բոլորի աչքերը նրան էին սևեռված։ Եվ սկսեց նրանց ասել. «Այսօր այս գրվածքը կատարվեց, որ ձեր ականջներով լսեք»։ Բոլորը համաձայնվում էին նրա հետ ու զարմանում այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից, և ասում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»։ Եվ ասաց նրանց. «Իհարկե, ինձ այս առակը կասեք. "Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ"։ Կափառնաումում եղած որքա՜ն բաներ լսեցինք, այստեղ՝ քո հայրենիքո՛ւմ էլ արա»։ Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։ Արդարև ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում շատ այրիներ կային։ Այն ժամանակ երկինքը երեք տարի ու վեց ամիս փակվեց, և ամբողջ երկրով մեկ մեծ սով եղավ։ Եվ Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեց, այլ միայն սիդոնացիների Սարեփթա քաղաքը՝ մի այրի կնոջ մոտ։ Եղիսե մարգարեի ժամանակ Իսրայելում շատ բորոտներ կային, ու նրանցից ոչ ոք չմաքրվեց, բացի Նեեման Ասորուց»։ Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը բարկությամբ լցվեցին։ Եվ վեր կացան, նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն լեռնագագաթը, որի վրա իրենց քաղաքն էր կառուցված, որպեսզի գահավեժ անեն նրան։ Իսկ նա, նրանց միջով անցնելով, գնաց։

Ղուկաս 4:14-30 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում