Ղուկաս 4:1-37

Ղուկաս 4:1-37 ՆՎԱԱ

Հիսուսը, Սուրբ Հոգով լցված, Հորդանանից վերադարձավ և Հոգով անապատ առաջնորդվեց։ Սատանայի կողմից քառասուն օր փորձվեց և այն օրերին ոչինչ չկերավ, իսկ երբ օրերը լրացան, քաղց զգաց։ Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այս քարին ասա՛, որ հաց դառնա»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Գրված է. "Մարդ միայն հացով չի ապրում, այլև Աստծու ամեն խոսքով " (Բ Օր. 8.3)»։ Եվ սատանան նրան մի բարձր լեռ տարավ ու մի վայրկյանում նրան աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվեց։ Եվ սատանան նրան ասաց. «Այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում ցանկանում եմ, տալիս եմ այն։ Արդ եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, ամբողջը քոնը կլինի»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, պետք է երկրպագես ու միայն նրան պաշտես" »։ Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այստեղից քեզ ցա՛ծ գցիր, որովհետև գրված է. "Քեզ համար իր հրեշտակներին կհրամայի, որ քեզ պահեն, որ քեզ ձեռքերի վրա վերցնեն, որպեսզի ոտքդ երբեք քարի չդիպչի" (Սաղ. 91.11-12)»։ Հիսուսը նրան ասաց. «Ասված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ փորձիր" »։ Եվ երբ սատանան ամեն փորձություն կատարեց, նրանից միառժամանակ հեռացավ։ Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու նրա համբավը տարածվեց այն գավառի բոլոր կողմերում։ Եվ նրանց ժողովարաններում ուսուցանում էր՝ բոլորի կողմից փառաբանվելով։ Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։ Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, և երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին քարոզելու» ։ Եվ փակելով Գիրքը՝ պաշտոնյային տվեց ու նստեց. ժողովարանում բոլորի աչքերը նրան էին սևեռված։ Եվ սկսեց նրանց ասել. «Այսօր այս գրվածքը կատարվեց, որ ձեր ականջներով լսեք»։ Բոլորը համաձայնվում էին նրա հետ ու զարմանում այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից, և ասում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»։ Եվ ասաց նրանց. «Իհարկե, ինձ այս առակը կասեք. "Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ"։ Կափառնաումում եղած որքա՜ն բաներ լսեցինք, այստեղ՝ քո հայրենիքո՛ւմ էլ արա»։ Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։ Արդարև ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում շատ այրիներ կային։ Այն ժամանակ երկինքը երեք տարի ու վեց ամիս փակվեց, և ամբողջ երկրով մեկ մեծ սով եղավ։ Եվ Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեց, այլ միայն սիդոնացիների Սարեփթա քաղաքը՝ մի այրի կնոջ մոտ։ Եղիսե մարգարեի ժամանակ Իսրայելում շատ բորոտներ կային, ու նրանցից ոչ ոք չմաքրվեց, բացի Նեեման Ասորուց»։ Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը բարկությամբ լցվեցին։ Եվ վեր կացան, նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն լեռնագագաթը, որի վրա իրենց քաղաքն էր կառուցված, որպեսզի գահավեժ անեն նրան։ Իսկ նա, նրանց միջով անցնելով, գնաց։ Եվ իջավ Գալիլեայի Կափառնաում քաղաքը և շաբաթ օրերին ուսուցանում էր նրանց։ Նրա վարդապետության վրա զարմանում էին, որովհետև նրա խոսքն իշխանությամբ էր։ Ժողովարանում մի մարդ կար, որ պիղծ դևի ոգի ուներ. նա բարձրաձայն աղաղակեց. «Օ՜հ, մեզ հետ ի՞նչ գործ ունես, Հիսո՛ւս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբն ես»։ Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր ու դո՛ւրս ելիր դրանից»։ Դևը նրան մեջտեղում գետին զարկեց ու նրանից դուրս ելավ և նրան ոչ մի վնաս չտվեց։ Բոլորին զարմանք պատեց. միմյանց հետ խոսում էին և ասում. «Ի՞նչ խոսք է սա, որ իշխանությամբ ու զորությամբ պիղծ ոգիներին սաստում է, և նրանք դուրս են գալիս»։ Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր գավառներում։

Տեսանյութ Ղուկաս 4:1-37-ի համար