Ղուկաս 4:1-13

Ղուկաս 4:1-13 ՆՎԱԱ

Հիսուսը, Սուրբ Հոգով լցված, Հորդանանից վերադարձավ և Հոգով անապատ առաջնորդվեց։ Սատանայի կողմից քառասուն օր փորձվեց և այն օրերին ոչինչ չկերավ, իսկ երբ օրերը լրացան, քաղց զգաց։ Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այս քարին ասա՛, որ հաց դառնա»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Գրված է. "Մարդ միայն հացով չի ապրում, այլև Աստծու ամեն խոսքով " (Բ Օր. 8.3)»։ Եվ սատանան նրան մի բարձր լեռ տարավ ու մի վայրկյանում նրան աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվեց։ Եվ սատանան նրան ասաց. «Այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում ցանկանում եմ, տալիս եմ այն։ Արդ եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, ամբողջը քոնը կլինի»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, պետք է երկրպագես ու միայն նրան պաշտես" »։ Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այստեղից քեզ ցա՛ծ գցիր, որովհետև գրված է. "Քեզ համար իր հրեշտակներին կհրամայի, որ քեզ պահեն, որ քեզ ձեռքերի վրա վերցնեն, որպեսզի ոտքդ երբեք քարի չդիպչի" (Սաղ. 91.11-12)»։ Հիսուսը նրան ասաց. «Ասված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ փորձիր" »։ Եվ երբ սատանան ամեն փորձություն կատարեց, նրանից միառժամանակ հեռացավ։

Տեսանյութ Ղուկաս 4:1-13-ի համար