Ղուկաս 24
24
Հիսուսի հարությունը
(Մտթ. 28.1-10, Մրկ. 16.1-8, Հովհ. 20.1-10)
1Բայց միաշաբաթի#24.1 Իմա՝ «կիրակի»։ օրը՝ վաղ առավոտյան, կանայք գերեզման եկան ու այն խունկերը բերեցին, որ պատրաստել էին. ուրիշ կանայք էլ էին նրանց հետ։ 2Եվ քարը գերեզմանից մի կողմ գլորված գտան։ 3Երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան։ 4Եվ երբ դրա վրա շփոթվել էին, ահա նրանց հայտնվեցին երկու մարդ՝ լուսավոր զգեստներով։ 5Երբ նրանք զարհուրեցին ու երեսները գետին խոնարհեցին, նրանց ասացին. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։ 6Այստեղ չէ, այլ հարություն է առել։ Հիշե՛ք՝ նա ձեզ հետ ինչպե՛ս խոսեց, երբ Գալիլեայում էր։ 7Ասում էր, որ Մարդու Որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։
8Եվ նրա խոսքերը հիշեցին։ 9Գերեզմանից վերադարձան ու այս բոլոր բաները պատմեցին տասնմեկին և բոլոր մյուսներին։ 10Եվ նրանք էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամն ու նրանց հետ ուրիշներ էլ, որոնք այս բաները պատմում էին առաքյալներին։ 11Եվ նրանց խոսքերը սրանց ականջին ցնորք թվացին, և նրանց չէին հավատում։ 12Բայց Պետրոսը վեր կացավ, գերեզման վազեց ու կռանալով՝ կտավներն առանձին դրված տեսավ. և տուն գնաց՝ տեղի ունեցածի վրա իր մտքում զարմանալով։
Հիսուսի երևումները
(Մտթ. 28.9-10, Մրկ. 16.9-14, Հովհ. 20.11–21.24)
13Այդ նույն օրը նրանցից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմմաուս էր, որը Երուսաղեմից վաթսուն ասպարեզ էր հեռու։ 14Նրանք միմյանց հետ խոսում էին այդ բոլոր պատահած բաների մասին։ 15Եվ երբ նրանք խոսում ու վիճում էին, ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու նրանց հետ գնում էր։ 16Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեին։ 17Եվ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որ քայլելիս միմյանց հետ վիճում եք ու տրտմած եք»։ 18Եվ նրանցից մեկը՝ Կղեոպաս անունով, պատասխանեց ու նրան ասաց. «Դու մենա՞կ ես Երուսաղեմում ապրում և չգիտես այս օրերին այնտեղ պատահածների մասին»։ 19Եվ նա ասաց նրանց. «Ո՞ր բաները»։ Նրանք էլ ասացին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր՝ զորավոր գործերով Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ։ 20Ինչպե՛ս մեր քահանայապետներն ու իշխանավորները նրան մահվան դատապարտեցին և խաչը հանեցին։ 21Իսկ մենք հույս ունեինք, թե նա է փրկելու Իսրայելը. բայց այս ամենով հանդերձ՝ այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան։ 22Սակայն մեր միջից մի քանի կանայք էլ, որ վաղ առավոտյան գերեզման էին գնացել, մեզ զարմացրին։ 23Նրա մարմինը չգտնելով՝ եկան ու ասացին, որ հրեշտակների տեսիլք են տեսել, որոնք ասում էին, թե նա ողջ է։ 24Մեզանից ոմանք գերեզման գնացին և հենց այնպես գտան, ինչպես որ ասել էին կանայք, բայց նրան չտեսան»։ 25Եվ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեները ասացին։ 26Չէ՞ որ Քրիստոսը պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ»։ 27Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ Գրքում իր մասին գրված էր։
28Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը ձևացրեց, թե ավելի հեռու տեղ է գնում։ 29Եվ նրանք ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ հե՛տ մնա, որովհետև երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է»։ Եվ նա գյուղ մտավ, որ նրանց հետ մնա։ 30Եվ երբ նրանց հետ սեղան նստեց, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։ 31Եվ նրանց աչքերը բացվեցին, ու նրան ճանաչեցին, և նա աներևութացավ նրանցից։ 32Եվ միմյանց ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում»։
33Նույն պահին վեր կացան, վերադարձան Երուսաղեմ և հավաքված գտան տասնմեկին ու նրանց հետ եղողներին։ 34Նրանք ասում էին. «Արդարև Տերը հարություն է առել ու երևացել է Սիմոնին»։ 35Նրանք էլ պատմում էին այն, ինչ եղավ ճանապարհին, ու թե ինչպե՛ս իրեն ճանաչել տվեց նրանց՝ հաց կտրելու ժամանակ։
36Եվ երբ նրանք այս էին խոսում, Հիսուսն ինքը կանգնեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 37Նրանք զարհուրելով ու վախենալով կարծում էին, թե ոգի են տեսնում։ 38Բայց նա ասաց նրանց. «Ինչո՞ւ եք շփոթվել, ինչո՞ւ են ձեր սրտերում կասկածներ առաջանում։ 39Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև ես ինքս եմ. շոշափե՛ք ինձ ու տեսե՛ք, որովհետև ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։ 40Այս ասելով՝ նրանց ցույց տվեց ձեռքերն ու ոտքերը։ 41Եվ քանի որ ուրախությունից դեռ չէին հավատում ու զարմացած էին, նրանց ասաց. «Այստեղ ուտելիք ունե՞ք»։ 42Նրանք խորոված ձկան կտոր տվեցին նրան ու մեղրախորիսխ։ 43Եվ վերցնելով՝ նրանց առաջ կերավ։ 44Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները»։ 45Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան։ 46Եվ նրանց ասաց. «Գրված է. այսպես պետք է Քրիստոսը չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ, 47և նրա անունով, Երուսաղեմից սկսած, բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր։ 48Դուք էլ վկաներն եք այս բաների։ 49Ահա ես իմ Հոր խոստումը ձեզ եմ ուղարկում, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն ստանաք»։
Հիսուսի համբարձումը
(Մրկ. 16.19-20, Գրծ. 1.9-11)
50Եվ նրանց մինչև Բեթանիա հանեց և ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց նրանց։ 51Եվ մինչ նրանց օրհնում էր, բաժանվեց նրանցից ու երկինք էր բարձրանում։ 52Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ 53Եվ ամեն ժամ տաճարում էին. Աստծուն էին գովաբանում և օրհնում։ Ամեն։
Արդեն Ընտրված.
Ղուկաս 24: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018