Ղուկաս 2
2
Հիսուսի ծնունդը և հովիվների այցը
(Մտթ. 1.18-25)
1Այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց, որ ամբողջ երկրում մարդահամար անցկացվի։ 2Այս առաջին մարդահամարը եղավ Ասորիքի կուսակալ Կյուրենիոսի ժամանակ։ 3Եվ բոլորը գնում էին արձանագրվելու՝ ամեն մեկն իր քաղաքը։ 4Հովսեփն էլ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, գնաց Հուդա՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում. որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր. 5որպեսզի այնտեղ արձանագրվեր իր նշանածի՝ Մարիամի հետ, որ հղի էր։ 6Երբ նրանք այնտեղ էին, նրա ծննդաբերելու օրերը լրացան։ 7Եվ ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։
8Այնտեղ դաշտում մնացող հովիվներ կային, որոնք գիշերն իրենց հոտերն էին պահում։ 9Եվ ահա Տիրոջ հրեշտակը նրանց առաջ կանգնեց. Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու մեծ վախ ապրեցին։ 10Եվ հրեշտակը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. 11այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը։ 12Սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։ 13Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում. 14«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։ 15Եվ երբ հրեշտակները նրանց մոտից երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք մինչև Բեթլեհեմ գնանք ու տեսնենք տեղի ունեցածը, որը Տերը ցույց տվեց մեզ»։ 16Շտապելով եկան և գտան Մարիամին ու Հովսեփին և երեխային՝ մսուրի մեջ պառկած։ 17Եվ երբ տեսան, ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր երեխայի մասին։ 18Բոլոր լսողներն էլ զարմացան հովիվների պատմածների վրա։ 19Իսկ Մարիամն այդ ամենը պահում էր իր սրտում և մտորում։ 20Հովիվները հետ դարձան՝ Աստծուն փառաբանելով և օրհնելով այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես որ ասվել էր իրենց։
Հիսուսի թլփատումը և ընծայումը տաճարին
21Երբ ութ օրերը լրացան, և մանուկը պետք է թլփատվեր, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ դեռ որովայնում հղացվելուց առաջ կոչվել էր հրեշտակի կողմից։
22Իսկ երբ Մովսեսի օրենքի համաձայն Մարիամի մաքրվելու օրերը լրացան, մանկանը բերեցին Երուսաղեմ՝ Տիրոջը ներկայացնելու, 23ինչպես Տիրոջ օրենքում է գրված. «Ամեն արու, որ արգանդ բացի, Տիրոջ համար սուրբ կկոչվի» (Ելք 13.2, 12)։ 24Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն պետք է մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ ընծա տալ (Ղևտ. 12.8)։
Սիմեոն ծերունու մարգարեացումը և օրհնությունը
25Այն ժամանակ Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր։ Այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, և Սուրբ Հոգին նրա վրա էր։ 26Սուրբ Հոգին նրան հայտնել էր, որ մահ չի տեսնելու, մինչև որ Տիրոջ Օծյալին չտեսնի։ 27Եվ Հոգով առաջնորդվելով՝ տաճար եկավ, և երբ ծնողները Հիսուս մանկանը բերեցին, որ կատարեն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, 28Սիմեոնը գիրկն առավ նրան, օրհնեց Աստծուն և ասաց. 29«Հիմա, ո՛վ Տեր, արձակի՛ր քո ծառային քո խոստման համաձայն՝ խաղաղությամբ։
30Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը,
31որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ։
32Լույս՝ հեթանոսներին լուսավորելու,
և փառք Իսրայելին՝ քո ժողովրդին»։
33Հովսեփն ու նրա մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ նրա մասին ասվում էին։ 34Եվ Սիմեոնն օրհնեց նրանց ու ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է լինելու Իսրայելում շատերի անկման կամ բարձրացման և նշան հակառակության։ 35Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, ինչպես որ շատերի սրտերի խորհուրդները պիտի հայտնի դառնան»։
Աննայի մարգարեացումը
36Այնտեղ էր նաև մարգարեուհի Աննան՝ Փանուելի աղջիկը, Ասերի ցեղից։ Նա ինքը բավական տարիքն առած էր և իր կուսության ժամանակից յոթ տարի էր ապրել ամուսնու հետ։ 37Գրեթե ութսունչորս տարեկան այրի էր. տաճարից չէր հեռանում, ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր-ցերեկ Աստծուն էր ծառայում։ 38Սա ևս նույն ժամին եկավ. Տիրոջը գոհություն էր հայտնում և մանկան մասին խոսում բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։
39Եվ երբ ամեն բան Տիրոջ օրենքի համաձայն կատարեցին, վերադարձան Գալիլեա՝ իրենց Նազարեթ քաղաքը։ 40Իսկ մանուկն աճում էր ու զորանում՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհը նրա վրա էր։
Մանուկ Հիսուսը տաճարում՝ վարդապետների մեջ
41Նրա ծնողներն ամեն տարի Զատկի տոնին Երուսաղեմ էին գնում։ 42Եվ երբ նա տասներկու տարեկան դարձավ, նրանք, տոնի սովորության համաձայն, Երուսաղեմ գնացին։ 43Երբ տոնակատարության օրերը լրացան, և նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը Երուսաղեմում մնաց. նրա ծնողները չիմացան այդ մասին։ 44Կարծելով, թե նա ուղեկիցների հետ է, մեկ օրվա ճանապարհ եկան, ապա նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ։ 45Երբ նրան չգտան, հետ դարձան Երուսաղեմ՝ նրան փնտրելու։ 46Երեք օր հետո նրան գտան տաճարում վարդապետների մեջտեղում նստած. լսում էր նրանց ու հարցեր տալիս։ 47Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության ու պատասխանների վրա։ 48Երբ ծնողները նրան տեսան, ապշեցին։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ, ինչո՞ւ մեզ հետ այդպես արեցիր. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ 49Եվ նա ասաց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հոր տանը լինեմ»։ 50Իսկ նրանք չհասկացան այն խոսքը, որ իրենց ասաց։ 51Եվ նրանց հետ իջավ ու Նազարեթ գնաց. և նրանց հնազանդ էր։ Նրա մայրն այս բոլոր բաները պահում էր իր սրտում։ 52Հիսուսն Աստծու ու մարդկանց առաջ զարգանում էր իմաստությամբ, հասակով ու շնորհով։
Արդեն Ընտրված.
Ղուկաս 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018