Ղուկաս 18:31-43

Ղուկաս 18:31-43 ՆՎԱԱ

Իր հետ վերցնելով տասներկուսին՝ ասաց նրանց. «Ահա ելնում ենք Երուսաղեմ, և մարգարեների միջոցով Մարդու Որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն, որովհետև պիտի մատնվի հեթանոսներին, պիտի ծաղրվի, նախատվի, և նրա վրա պիտի թքեն։ Ձաղկելով պիտի սպանեն նրան, և երրորդ օրը հարություն պիտի առնի»։ Նրանք այս բաներից ոչինչ չհասկացան, և այս խոսքը նրանցից ծածկված էր, ու ասածները չէին հասկանում։ Երբ նա Երիքովին էր մոտենում, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։ Երբ ժողովրդի անցնելը լսեց, հարցրեց, թե այդ ի՛նչ է։ Նրան հայտնեցին, որ Հիսուս Նազովրեցին է անցնում։ Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հիսո՛ւս, Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։ Նրանք, որ առջևից էին գնում, նրան սաստում էին, որ լռի. իսկ նա ավելի էր աղաղակում. «Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։ Հիսուսը կանգ առավ ու հրամայեց, որ նրան իր մոտ բերեն։ Երբ իրեն մոտեցավ, նրան հարցրեց ու ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Նա ասաց. «Տե՛ր, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։ Եվ իսկույն տեսավ ու գնում էր նրա հետևից՝ Աստծուն փառաբանելով։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով, գովաբանում էր Աստծուն։