Ղուկաս 18
18
Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը
1Նրանց մի առակ էլ ասաց այն մասին, որ պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել։ 2Եվ ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։ 3Այդ քաղաքում մի այրի կար, որ նրա մոտ էր գալիս ու ասում. "Իմ հակառակորդի դիմաց արդարադա՛տ եղիր իմ հանդեպ"։ 4Եվ նա երկար ժամանակ չէր կամենում. դրանից հետո իր մտքում ասաց. "Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից էլ չեմ ամաչում, 5սակայն քանի որ այս այրին ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անվերջ չգա ինձ ձանձրացնի"»։ 6Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե անիրավ դատավորն ի՛նչ է ասում։ 7Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան, նույնիսկ եթե ուշացնում է։ 8Ասում եմ ձեզ. շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Սակայն երբ Մարդու Որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի՞»։
Փարիսեցին և մաքսավորը
9Ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են, և ուրիշներին արհամարհում էին, այս առակն ասաց. 10«Երկու մարդ տաճար ելան աղոթելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ 11Փարիսեցին, առանձին կանգնած, այս աղոթքն էր անում. "Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները և կամ ինչպես այս մաքսավորը։ 12Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ունեմ"։ 13Իսկ մաքսավորը, հեռու կանգնած, չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը և ասում. "Ո՛վ Աստված, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս"։ 14Ասում եմ ձեզ, որ մաքսավորը արդարացած իջավ իր տուն, որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի»։
Հիսուսը օրհնում է մանուկներին
(Մտթ. 19.13-15, Մրկ. 10.13-16)
15Մանուկներին էլ էին նրա մոտ բերում, որպեսզի նրանց դիպչի։ Աշակերտները, այդ տեսնելով, սաստում էին նրանց։ 16Բայց Հիսուսը մանուկներին իր մոտ կանչեց ու ասաց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։ 17Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունն ինչպես մի մանուկ չընդունի, նա այնտեղ չի մտնի»։
Հարուստ իշխանավորը
(Մտթ. 19.16-26, Մրկ. 10.17-27)
18Մի իշխանավոր հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ 19Հիսուսը նրան ասաց. «Ինձ ինչո՞ւ ես "բարի" անվանում. ոչ ոք բարի չէ, բացի մեկից՝ Աստծուց։ 20Պատվիրանները գիտես՝ "Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը" (Ելք 20.14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.18, 17, 19-20, 16)»։ 21Նա էլ ասաց. «Այդ բոլորն իմ մանկությունից պահել եմ»։ 22Երբ Հիսուսը այս լսեց, նրան ասաց. «Քեզ տակավին մի բան է պակասում. ինչ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս. և արի՛ ու ի՛նձ հետևիր»։ 23Նա էլ, այս լսելով, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։
24Հիսուսը, նրան տրտմած տեսնելով, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայություն կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ 25Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայություն մտնի»։ 26Եվ նրանք, որ լսեցին, ասում էին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ 27Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։ 28Պետրոսն ասաց. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու քո հետևից եկանք»։ 29Իսկ նա ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ Աստծու արքայության համար տուն կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ զավակներ թողած լինի 30և բազմապատիկը չստանա այս ներկա ժամանակում և հավիտենական կյանք՝ այն գալիք աշխարհում»։
Կրկին կանխասություն մահվան և հարության մասին
(Մտթ. 20.17-19, Մրկ. 10.32-34)
31Իր հետ վերցնելով տասներկուսին՝ ասաց նրանց. «Ահա ելնում ենք Երուսաղեմ, և մարգարեների միջոցով Մարդու Որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն, 32որովհետև պիտի մատնվի հեթանոսներին, պիտի ծաղրվի, նախատվի, և նրա վրա պիտի թքեն։ 33Ձաղկելով պիտի սպանեն նրան, և երրորդ օրը հարություն պիտի առնի»։ 34Նրանք այս բաներից ոչինչ չհասկացան, և այս խոսքը նրանցից ծածկված էր, ու ասածները չէին հասկանում։
Երիքովի կույր մուրացկանի բժշկումը
(Մտթ. 20.29-34, Մրկ. 10.46-52)
35Երբ նա Երիքովին էր մոտենում, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։ 36Երբ ժողովրդի անցնելը լսեց, հարցրեց, թե այդ ի՛նչ է։ 37Նրան հայտնեցին, որ Հիսուս Նազովրեցին է անցնում։ 38Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հիսո՛ւս, Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։ 39Նրանք, որ առջևից էին գնում, նրան սաստում էին, որ լռի. իսկ նա ավելի էր աղաղակում. «Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։ 40Հիսուսը կանգ առավ ու հրամայեց, որ նրան իր մոտ բերեն։ Երբ իրեն մոտեցավ, նրան հարցրեց ու ասաց. 41«Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Նա ասաց. «Տե՛ր, ուզում եմ տեսնել»։ 42Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։ 43Եվ իսկույն տեսավ ու գնում էր նրա հետևից՝ Աստծուն փառաբանելով։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով, գովաբանում էր Աստծուն։
Արդեն Ընտրված.
Ղուկաս 18: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018