Մանուկներին էլ էին նրա մոտ բերում, որպեսզի նրանց դիպչի։ Աշակերտները, այդ տեսնելով, սաստում էին նրանց։ Բայց Հիսուսը մանուկներին իր մոտ կանչեց ու ասաց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունն ինչպես մի մանուկ չընդունի, նա այնտեղ չի մտնի»։
Մի իշխանավոր հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ինչո՞ւ ես "բարի" անվանում. ոչ ոք բարի չէ, բացի մեկից՝ Աստծուց։ Պատվիրանները գիտես՝ "Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը" »։ Նա էլ ասաց. «Այդ բոլորն իմ մանկությունից պահել եմ»։ Երբ Հիսուսը այս լսեց, նրան ասաց. «Քեզ տակավին մի բան է պակասում. ինչ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս. և արի՛ ու ի՛նձ հետևիր»։ Նա էլ, այս լսելով, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։
Հիսուսը, նրան տրտմած տեսնելով, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայություն կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայություն մտնի»։ Եվ նրանք, որ լսեցին, ասում էին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։ Պետրոսն ասաց. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու քո հետևից եկանք»։ Իսկ նա ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ Աստծու արքայության համար տուն կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ զավակներ թողած լինի և բազմապատիկը չստանա այս ներկա ժամանակում և հավիտենական կյանք՝ այն գալիք աշխարհում»։
Իր հետ վերցնելով տասներկուսին՝ ասաց նրանց. «Ահա ելնում ենք Երուսաղեմ, և մարգարեների միջոցով Մարդու Որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն, որովհետև պիտի մատնվի հեթանոսներին, պիտի ծաղրվի, նախատվի, և նրա վրա պիտի թքեն։ Ձաղկելով պիտի սպանեն նրան, և երրորդ օրը հարություն պիտի առնի»։ Նրանք այս բաներից ոչինչ չհասկացան, և այս խոսքը նրանցից ծածկված էր, ու ասածները չէին հասկանում։
Երբ նա Երիքովին էր մոտենում, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։ Երբ ժողովրդի անցնելը լսեց, հարցրեց, թե այդ ի՛նչ է։ Նրան հայտնեցին, որ Հիսուս Նազովրեցին է անցնում։ Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հիսո՛ւս, Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։ Նրանք, որ առջևից էին գնում, նրան սաստում էին, որ լռի. իսկ նա ավելի էր աղաղակում. «Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։ Հիսուսը կանգ առավ ու հրամայեց, որ նրան իր մոտ բերեն։ Երբ իրեն մոտեցավ, նրան հարցրեց ու ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Նա ասաց. «Տե՛ր, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։ Եվ իսկույն տեսավ ու գնում էր նրա հետևից՝ Աստծուն փառաբանելով։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով, գովաբանում էր Աստծուն։