Ղուկաս 18:1-17

Ղուկաս 18:1-17 ՆՎԱԱ

Նրանց մի առակ էլ ասաց այն մասին, որ պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել։ Եվ ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։ Այդ քաղաքում մի այրի կար, որ նրա մոտ էր գալիս ու ասում. "Իմ հակառակորդի դիմաց արդարադա՛տ եղիր իմ հանդեպ"։ Եվ նա երկար ժամանակ չէր կամենում. դրանից հետո իր մտքում ասաց. "Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից էլ չեմ ամաչում, սակայն քանի որ այս այրին ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անվերջ չգա ինձ ձանձրացնի"»։ Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե անիրավ դատավորն ի՛նչ է ասում։ Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան, նույնիսկ եթե ուշացնում է։ Ասում եմ ձեզ. շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Սակայն երբ Մարդու Որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի՞»։ Ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են, և ուրիշներին արհամարհում էին, այս առակն ասաց. «Երկու մարդ տաճար ելան աղոթելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ Փարիսեցին, առանձին կանգնած, այս աղոթքն էր անում. "Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները և կամ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ունեմ"։ Իսկ մաքսավորը, հեռու կանգնած, չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը և ասում. "Ո՛վ Աստված, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս"։ Ասում եմ ձեզ, որ մաքսավորը արդարացած իջավ իր տուն, որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի»։ Մանուկներին էլ էին նրա մոտ բերում, որպեսզի նրանց դիպչի։ Աշակերտները, այդ տեսնելով, սաստում էին նրանց։ Բայց Հիսուսը մանուկներին իր մոտ կանչեց ու ասաց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունն ինչպես մի մանուկ չընդունի, նա այնտեղ չի մտնի»։

Video for Ղուկաս 18:1-17

Ղուկաս 18:1-17 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր