Ղուկաս 15
15
Կորած ոչխարի և կորած դրամի առակը
(Մտթ. 18.12-14)
1Բոլոր մաքսավորներն ու մեղավորները մոտենում էին նրան, որ լսեին։ 2Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին ու ասում. «Սա մեղավորներին ընդունում է ու նրանց հետ ուտում»։
3Եվ նա այս առակն ասաց նրանց. 4«Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի, իննսունինը անապատում չի թողնի և կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի։ 5Եվ երբ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի 6և տուն գալով՝ բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. "Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա"։ 7Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։
8Կամ ո՞ր կինը, որ տասը դրամ ունենա և եթե մեկ դրամ կորցնի, ճրագ չի վառի, տունն ավլի ու ուշադիր փնտրի, մինչև գտնի։ 9Եվ երբ գտնի, բարեկամներին ու հարևաններին կկանչի ու կասի. "Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև գտա դրամը, որ կորցրել էի"։ 10Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար»։
Անառակ որդու առակը
11Դարձյալ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ։ 12Նրանցից կրտսերը հորն ասաց. "Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը"։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ 13Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց՝ անառակությամբ ապրելով։ 14Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ 15Եվ գնաց, այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, և սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ 16Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ 17Եվ սթափվելով՝ ասաց. "Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ 18Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ 19Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ. ինձ քո վարձկաններից մե՛կն արա"։ 20Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ 21Եվ որդին նրան ասաց. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ"։ 22Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։ 23Բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք, ուրախ լինենք, 24որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց"։ Եվ սկսեցին զվարճանալ։ 25Իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։ 26Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե ի՛նչ է այդ։ 27Նա էլ ասաց նրան. "Եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ և առողջ ընդունեց"։ 28Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը, դուրս ելնելով, աղաչում էր նրան։ 29Իսկ նա հորն ասաց. "Ահա այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ և քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ 30Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ եզ մորթեցիր"։ 31Հայրն ասաց նրան. "Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է։ 32Բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց"»։
Արդեն Ընտրված.
Ղուկաս 15: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018