ՂԵՎՏԱԿԱՆ 26:1-13

ՂԵՎՏԱԿԱՆ 26:1-13 ՆՎԱԱ

«Ձեզ համար չաստվածներ և կուռքեր չկերտեք, ձեզ համար արձաններ չկանգնեցնեք և պատկերավոր կոթող չդնեք ձեր երկրում՝ դրան երկրպագություն անելու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Իմ շաբաթները պիտի պահեք և իմ սրբարանը հարգեք. ես եմ Տերը։ Եթե հետևեք իմ կանոններին և իմ պատվիրանները պահեք ու գործադրեք դրանք, ես էլ ձեզ անձրև կուղարկեմ իր ժամանակին, հողն իր բերքը կտա, և դաշտի ծառերը կտան իրենց պտուղները։ Ձեր կալը կհասնի մինչև այգեկութը, իսկ այգեկութը մինչև ցանքսի ժամանակը կհասնի։ Ձեր հացը կուշտ կուտեք և ապահով կապրեք ձեր երկրում։ Ես խաղաղություն կտամ երկրին, և դուք հանգիստ կպառկեք, և ձեզ վախեցնող չի լինի։ Ես կվերացնեմ երկրից չար գազաններին, և ձեր երկրից սուր չի անցնի բնավ։ Ձեր թշնամիներին կհալածեք, և նրանք սրով կընկնեն ձեր առաջ։ Ձեր հինգ հոգին կհալածեն հարյուրին, իսկ ձեր հարյուրը բյուրին պիտի հալածի. ձեր թշնամիները սրով կընկնեն ձեր առաջ։ Ձեզ բարի աչքով կնայեմ, ձեզ կաճեցնեմ ու կբազմացնեմ և իմ ուխտը կհաստատեմ ձեզ հետ։ Հին պաշարը կուտեք և հինը դուրս կհանեք՝ եկող նորին տեղ բացելու համար։ Ես իմ բնակությունը կհաստատեմ ձեր մեջ, և իմ հոգին չի զզվի ձեզանից։ Ես միշտ ներկա կլինեմ, ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք իմ ժողովուրդը։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ստրուկ չլինեք նրանց։ Փշրեցի ձեր լծի կապանքները և ձեզ բարձրագլուխ ման ածեցի։

ՂԵՎՏԱԿԱՆ 26:1-13 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր