ՂԵՎՏԱԿԱՆ 22

22
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Խոսի՛ր Ահարոնի և նրա որդիների հետ, որ զգույշ լինեն Իսրայելի որդիների սրբությունների հանդեպ և իմ սուրբ անունը չպղծեն այն բաներով, որ ինձ համար սրբագործում են. ես եմ Տերը։ 3Ասա՛ նրանց. “Ձեր ամբողջ սերնդից և ձեր ազգերի մեջ ով որ իր անմաքրությունն իր վրա ունենալով մոտենա այն սուրբ բաներին, որ Իսրայելի որդիները սրբացնում են Տիրոջ համար, այդ անձը պիտի վերանա իմ առջևից. ես եմ Տերը։ 4Ահարոնի ցեղից ով որ բորոտ լինի կամ սերմնածորում ունենա, չպետք է ուտի այդ սուրբ բաներից, մինչև որ չմաքրվի, և ով որ դիպչի մեռելից պղծված որևէ բանի կամ դիպչի նրան, ով որ սերմնահոսություն է ունեցել, 5կամ ով որ դիպչի որևէ սողունի, որից նա կարող է պղծվել, կամ մի մարդու, որ ինչ-որ անմաքրություն ունի, և որից նա կարող էր պղծվել, 6սրանց դիպչող մարդն անմաքուր կլինի մինչև երեկո։ Նա սուրբ բաներից չպետք է ուտի, այլ իր մարմինը պետք է լվանա ջրով։ 7Արեգակի մայր մտնելուց հետո նա մաքուր կլինի և հետո թող ուտի սուրբ բաներից, որովհետև դա նրա սնունդն է։ 8Սատկածը կամ գազանից հոշոտվածը չուտի, որպեսզի չպղծվի դրանով. ես եմ Տերը։ 9Նրանք պետք է պահեն իմ հրահանգը, որպեսզի դրա համար մեղքի պատիժ չկրեն ու չմեռնեն նրա համար, որ պղծվել են. ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց։
10Աշխարհականը չպետք է ուտի այդ սուրբ բանից։ Քահանայի հյուրը կամ վարձկանը չպետք է ուտի այդ սուրբ բանից։ 11Բայց քահանայի փողով գնված անձը և նրա տանը ծնվածը կարող են ուտել դրանից։ Նրանք կարող են ուտել նրա կերակուրից։ 12Եթե քահանայի աղջիկն ամուսնանա մի աշխարհականի հետ, ապա նա չի կարող ուտել սրբագործված սուրբ բաներից։ 13Բայց եթե քահանայի աղջիկն այրիանա կամ ամուսնալուծվի և զավակ չունենա ու վերադառնա իր հոր տունը, ապա նա, ինչպես իր աղջկության ժամանակ, կարող է ուտել իր հոր հացից։ Սակայն ոչ մի աշխարհական չպետք է ուտի դրանից։
14Եթե մի մարդ սխալմամբ ուտի սրբություններից, դրա վրա պետք է ավելացնի մեկ հինգերորդ մասը և սուրբ բանը քահանային տա։ 15Եվ չպղծեն Իսրայելի որդիների կողմից Տիրոջը նվիրված սուրբ բաները։ 16Եվ իրենց վրա հանցանքի անօրենություն չբերեն՝ նրանց սուրբ բաներն ուտելով. որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։
Զոհաբերության սրբությունը
17Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 18«Խոսի՛ր, Ահարոնի և նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Իսրայելի տնից կամ Իսրայելում եղող օտարականներից ամեն մարդ, որ իր զոհաբերությունը մատուցում է իրենց որևիցե ուխտերից կատարման համար բերված նվեր և որևիցե կամավոր ընծաներից, որը մատուցում են Տիրոջը իբրև ողջակեզ, 19որպեսզի ընդունելի լինի ձեզ համար, պիտի լինի արջառներից, ոչխարներից կամ այծերից՝ անարատ արու։ 20Ոչ մի արատավոր չպետք է մատուցեք, որովհետև դա ձեզ համար ընդունելի չի լինի։ 21Ով որ Տիրոջը որպես խաղաղության զոհ մատուցի արջառներից կամ ոչխարներից ուխտի կատարման համար կամ կամավոր ընծայի համար, պետք է լինի անարատ, որպեսզի ընդունելի լինի. այն ոչ մի արատ չպետք է ունենա։ 22Կույր, ջարդվածք ունեցող, վիրավորված, ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող՝ այդպիսիները չպիտի մատուցեք Տիրոջը. դրանցից ոչ էլ զոհաբերություն պիտի անեք զոհասեղանի վրա Տիրոջ համար։ 23Բայց ականջը կտրած կամ պոչատ արջառը կամ ոչխարը կարող ես մատուցել որպես կամավոր ընծա. սակայն դա ուխտի զոհի համար ընդունելի չէ։ 24Ամորձիները ջարդված, ճմլված, պոկված կամ կտրած կենդանի չմատուցեք Տիրոջը և ձեր երկրում այսպիսի բաներ չանեք։ 25Օտարականի ձեռքից էլ այդ բոլորից ձեր Աստծուն զոհ չմատուցեք, որովհետև դրանք խեղվածք և արատ ունեն. դրանք ընդունելի չեն ձեզ համար”»։
26Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 27«Երբ մի զվարակ, մի ոչխար կամ մի այծ ծնվի, յոթ օր պետք է մնա իր մոր մոտ և ութերորդ օրն ու դրանից հետո Տիրոջը ընդունելի կլինի որպես զոհաբերության ընծա։ 28Կովը կամ ոչխարն իր ձագով մեկտեղ նույն օրը չմորթեք։
29Երբ գոհության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ընդունելի լինի ձեզ համար։ 30Նույն օրը պիտի ուտվի. մինչև առավոտ ոչինչ չթողնեք դրանից. ես եմ Տերը։
31Պահե՛ք իմ պատվիրանները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը։ 32Իմ սուրբ անունը չպղծեք, որպեսզի ես սրբացվեմ Իսրայելի որդիների մեջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տերը, 33որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեր Աստվածը լինեմ. ես եմ Տերը»։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 22: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք