ՂԵՎՏԱԿԱՆ 2

2
Հացի ընծա
1«Եթե մեկը հացի ընծա է մատուցելու Տիրոջը, նրա ընծան թող ընտիր ալյուրից լինի, և դրա վրա յուղ թափի և կնդրուկ դնի 2և այն բերի Ահարոնի որդիների՝ քահանաների մոտ։ Քահանան վերցնի յուղած այդ ընտիր ալյուրից մի բուռ ամբողջ կնդրուկի հետ միասին և այն այրի զոհասեղանի վրա իբրև հիշատակ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։ 3Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ այրված զոհն է Տիրոջ համար։
4Եթե թոնրի մեջ եփված հացի ընծա է զոհ մատուցելու, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ շոթեր կամ յուղով օծված բաղարջ լավաշներ թող լինեն։
5Եթե քո զոհաբերությունը տապակի վրա եփված հացի ընծա է, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ թող լինի։ 6Այն կբաժանես կտորների և վրան յուղ կլցնես։ Դա հացի ընծա է։
7Եթե քո զոհաբերությունը կասկարայի վրա եփված հացի ընծա է, թող այն յուղով պատրաստվի ընտիր ալյուրից։ 8Դրանից պատրաստված հացի ընծան կբերես Տիրոջը և կներկայացնես քահանային, և նա այն կմոտեցնի զոհասեղանին։ 9Քահանան մատուցվելիք ընծայից մի մաս կվերցնի իբրև խորհրդանշական բաժինը և կայրի զոհասեղանի վրա՝ Տիրոջը անուշահոտ այրված զոհ լինելու համար։ 10Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ զոհերից է Տիրոջ համար։
11Տիրոջը մատուցվող ոչ մի հացի ընծա թթխմորով չպատրաստվի, որովհետև թթխմոր և մեղր չպիտի այրեք՝ իբրև այրված զոհ Տիրոջ համար։ 12Դրանք կմատուցեք Տիրոջը որպես երախայրիքի զոհաբերում, բայց զոհասեղանի վրա չպիտի այրվեն որպես անուշահոտ զոհաբերություն։ 13Քո բոլոր հացի ընծաները աղով կանես. քո հացի ընծաներից քո Աստծու ուխտի աղը պակաս չանես. քո բոլոր զոհերի հետ աղ էլ կբերես։
14Եթե քո առաջին բերքից հացի ընծա մատուցես Տիրոջը, ապա նոր հասկերից կրակի վրա բոված և ծեծած ցորեն կմատուցես՝ որպես քո առաջին բերքի ընծան։ 15Դրա վրա յուղ կթափես և կնդրուկ կդնես վրան. դա հացի ընծա է։ 16Քահանան իբրև խորհրդանշական բաժին թող այրի ծեծած ցորենից և յուղից, նաև ամբողջ կնդրուկը՝ Տիրոջը զոհ լինելու համար»։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք