ՂԵՎՏԱԿԱՆ 17
17
Արյան սուրբ լինելը
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Տերն այս բաները պատվիրեց՝ ասելով. 3"Իսրայելի տնից ով որ արջառ, ոչխար կամ այծ մորթի բանակատեղիում կամ բանակատեղիից դուրս մորթի 4և չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը զոհ մատուցելու համար Տիրոջ խորանի առաջ, այդ մարդը արյունապատ պիտի համարվի։ Նա արյուն է թափել, և այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից", 5որպեսզի Իսրայելի որդիները այն զոհերը, որ դաշտում մորթում են, բերեն Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ և զոհաբերեն որպես խաղաղության զոհեր Տիրոջը։ 6Քահանան արյունը շաղ տա Տիրոջ զոհասեղանի վրա, ժողովի վրանի մուտքին և ճարպն այրի որպես անուշահոտություն Տիրոջ առաջ։ 7Նրանք իրենց զոհերն այլևս չզոհաբերեն դևերին, որոնց հետևից գնալով՝ պոռնկություն են անում։ Սա նրանց համար հավիտենական կանոն կլինի իրենց սերունդների մեջ”։ 8Նրանց կասես. “Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ողջակեզ կամ զոհ մատուցելու լինի 9և այն չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը մատուցելու համար, այդ մարդը պիտի վերացվի իր ժողովրդի միջից։
10Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ինչ-որ արյուն ուտի, իմ երեսն արյուն ուտող այդ մարդու վրա պիտի դարձնեմ և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից. 11որովհետև մարմնի կենդանությունն իր արյան մեջ է։ Ես այն ձեզ տվեցի, որպեսզի զոհասեղանի վրա քավություն անեք ձեր անձերի համար, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղած հոգով”։ 12Դրա համար էլ Իսրայելի որդիներին ասացի. “Ձեզանից ոչ ոք արյուն չուտի, և ձեր մեջ բնակվող օտարականն էլ արյուն չուտի”։ 13Իսրայելի որդիներից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը եթե ուտելի որևէ անասուն կամ թռչուն որսա, թող թափի նրա արյունը և այն ծածկի հողով. 14որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է իր հոգով։ Ուստի Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն բնավ չուտեք”, որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է. ով որ ուտի այն, պիտի կորչի։
15Ով որ մեռած կամ գազանից հոշոտված միս ուտի, երկրացի լինի, թե օտարական, պիտի լվանա իր զգեստները, ինքն էլ լվացվի ջրով։ Նա անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։ 16Բայց եթե չլվանա իր զգեստները և չլվանա իր մարմինը, այն ժամանակ նա կկրի իր անօրենությունը»։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 17: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018