ՂԵՎՏԱԿԱՆ 16

16
Քավության օրը
1Տերը խոսեց Մովսեսի հետ Ահարոնի երկու որդիների մեռնելուց հետո, որոնք Տիրոջ առաջ մոտենալիս մեռան։ 2Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնի՝ վարագույրից ներս տապանակի վրա գտնվող քավության առաջ, որպեսզի չմեռնի. որովհետև ես ամպի մեջ երևալու եմ քավության վրա։ 3Ահարոնն այս բաներով պետք է մտնի սուրբ տեղը. մի զվարակով՝ մեղքի զոհի համար և մի խոյով՝ ողջակեզի համար։ 4Կտավե սուրբ շապիկ թող հագնի և իր մարմնի վրա կտավե անդրավարտիք ունենա. իր մեջքին կապի կտավե գոտի և գլխին կտավե խույր դնի. սրանք սուրբ զգեստներ են։ Նա իր մարմինը ջրով պիտի լվանա և հետո հագնի դրանք։ 5Իսրայելի ժողովրդից նա այծերից երկու նոխազ թող վերցնի մեղքի զոհի համար և մեկ խոյ էլ՝ ողջակեզի համար։ 6Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար։ 7Եվ վերցնի երկու նոխազները և դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։ 8Ահարոնն այդ երկու նոխազների համար վիճակ պիտի գցի. մի վիճակը՝ Տիրոջ համար, իսկ մյուս վիճակը՝ ազատ արձակվելիք նոխազի համար։ 9Ահարոնը պիտի մոտեցնի այն նոխազը, որի վրա ընկել է Տիրոջ վիճակը, և մեղքի զոհ անի նրան։ 10Իսկ այն նոխազը, որի վրա ընկել է ազատ արձակվելիք նոխազի վիճակը, այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ, որպեսզի քավություն անի նրա համար և իբրև ազատ արձակվելիք նոխազ՝ բաց թողնի նրան դեպի անապատ։
11Եվ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար և մորթի իր մեղքի զոհի զվարակը։ 12Եվ Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանի վրայից վերցնի վառված կրակով լի բուրվառը, իր ձեռքերը լցնի մանր ծեծած անուշահոտ խնկով և տանի վարագույրից ներս։ 13Խունկը դնի այդ կրակի վրա, Տիրոջ առաջ, և խնկի ծուխը ծածկի վկայության տապանակի վրայի քավությունը, որպեսզի նա չմեռնի։ 14Եվ առնի այդ զվարակի արյունից, իր մատով շաղ տա քավության վրա՝ արևելյան կողմից, և քավության առաջ արյունից իր մատով շաղ տա յոթ անգամ։
15Եվ մորթի մեղքի քավության նոխազը, որ ժողովրդի համար է, և նրա արյունը տանի վարագույրից ներս. նա այդ արյան հետ անի այնպես, ինչպես վարվեց զվարակի արյան հետ, այսինքն՝ այն շաղ տա քավության վրա և քավության առաջ։ 16Եվ քավություն անի սրբարանի համար Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերից ու հանցանքներից։ Եվ այսպես անի ժողովի վրանի հետ, որ նրանց հետ է լինում իրենց անմաքրությունների մեջ։ 17Երբ Ահարոնը սրբարան մտնի քավություն անելու համար, ոչ մի մարդ չպետք է լինի ժողովի վրանում մինչև նրա դուրս գալը, որ քավություն անի իր համար, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։ 18Այնուհետև դուրս գա դեպի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանը և քավություն անի դրա համար. և վերցնի զվարակի ու նոխազի արյունից և շուրջանակի քսի զոհասեղանի եղջյուրներին։ 19Եվ իր մատով այդ արյունից յոթ անգամ շաղ տա դրա վրա և Իսրայելի որդիների անմաքրություններից մաքրի այն ու սրբացնի այն։
Քավության նոխազը
20Երբ վերջացնի սուրբ տեղի, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն անելը, թող մոտ բերի կենդանի նոխազը։ 21Ահարոնն իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին և դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին և այն ուղարկի դեպի անապատ մի հատուկ մարդու միջոցով։ 22Նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա տանի անմարդաբնակ մի վայր, և այդ մարդը անապատում բաց թողնի նոխազը։
23Ահարոնը մտնի ժողովի վրանը. սրբարան մտնելիս հանի իր հագած կտավե զգեստները և դրանք դնի այնտեղ։ 24Եվ իր մարմինը ջրով լվանա սուրբ վայրում և հագնի իր զգեստները. և դուրս գալով՝ մատուցի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը և քավություն անի իր համար և ժողովրդի համար։ 25Եվ զոհասեղանի վրա այրի մեղքի զոհի ճարպը։
26Նոխազն ազատ արձակելու համար տանող մարդը լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։
27Մեղքի զոհի զվարակն ու մեղքի զոհի նոխազը, որոնց արյունը սուրբ տեղ է բերվել քավություն անելու համար, թող դուրս հանեն բանակատեղիից և նրանց մորթերը, մսերն ու աղբը այրեն կրակով։ 28Դրանք այրողը պետք է լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։
Քավության օրը պահելը
29Այս ձեզ համար հավիտենական կանոն կլինի. յոթերորդ ամսին՝ ամսի տասներորդ օրը, ձեր անձերը պիտի խոնարհեցնեք և ոչ մի գործ չպիտի անեք. ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակություն հաստատած օտարականը. 30որովհետև այդ օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որպեսզի դուք մաքրվեք Տիրոջ առաջ ձեր գործած բոլոր մեղքերից։ 31Դա ձեզ համար հանգստյան շաբաթ պիտի լինի, և հավիտենական կանոնով պիտի խոնարհեցնեք ձեր անձերը։ 32Քավություն պիտի անի այն օծված և իր հոր տեղը քահանայություն անելու համար օրհնված քահանան։ Նա կհագնի կտավե զգեստները՝ սուրբ զգեստները, 33և քավություն կանի ամենասուրբ տեղի համար, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն կանի, քահանաների և ամբողջ ժողովրդի համար քավություն կանի։ 34Սա ձեզ համար հավիտենական կանոն կլինի Իսրայելի որդիների համար տարին մեկ անգամ քավություն անելու՝ իրենց գործած բոլոր մեղքերի պատճառով»։ Եվ նա արեց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 16: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք