ՂԵՎՏԱԿԱՆ 16:1-34

ՂԵՎՏԱԿԱՆ 16:1-34 ՆՎԱԱ

Տերը խոսեց Մովսեսի հետ Ահարոնի երկու որդիների մեռնելուց հետո, որոնք Տիրոջ առաջ մոտենալիս մեռան։ Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնի՝ վարագույրից ներս տապանակի վրա գտնվող քավության առաջ, որպեսզի չմեռնի. որովհետև ես ամպի մեջ երևալու եմ քավության վրա։ Ահարոնն այս բաներով պետք է մտնի սուրբ տեղը. մի զվարակով՝ մեղքի զոհի համար և մի խոյով՝ ողջակեզի համար։ Կտավե սուրբ շապիկ թող հագնի և իր մարմնի վրա կտավե անդրավարտիք ունենա. իր մեջքին կապի կտավե գոտի և գլխին կտավե խույր դնի. սրանք սուրբ զգեստներ են։ Նա իր մարմինը ջրով պիտի լվանա և հետո հագնի դրանք։ Իսրայելի ժողովրդից նա այծերից երկու նոխազ թող վերցնի մեղքի զոհի համար և մեկ խոյ էլ՝ ողջակեզի համար։ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար։ Եվ վերցնի երկու նոխազները և դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։ Ահարոնն այդ երկու նոխազների համար վիճակ պիտի գցի. մի վիճակը՝ Տիրոջ համար, իսկ մյուս վիճակը՝ ազատ արձակվելիք նոխազի համար։ Ահարոնը պիտի մոտեցնի այն նոխազը, որի վրա ընկել է Տիրոջ վիճակը, և մեղքի զոհ անի նրան։ Իսկ այն նոխազը, որի վրա ընկել է ազատ արձակվելիք նոխազի վիճակը, այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ, որպեսզի քավություն անի նրա համար և իբրև ազատ արձակվելիք նոխազ՝ բաց թողնի նրան դեպի անապատ։ Եվ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար և մորթի իր մեղքի զոհի զվարակը։ Եվ Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանի վրայից վերցնի վառված կրակով լի բուրվառը, իր ձեռքերը լցնի մանր ծեծած անուշահոտ խնկով և տանի վարագույրից ներս։ Խունկը դնի այդ կրակի վրա, Տիրոջ առաջ, և խնկի ծուխը ծածկի վկայության տապանակի վրայի քավությունը, որպեսզի նա չմեռնի։ Եվ առնի այդ զվարակի արյունից, իր մատով շաղ տա քավության վրա՝ արևելյան կողմից, և քավության առաջ արյունից իր մատով շաղ տա յոթ անգամ։ Եվ մորթի մեղքի քավության նոխազը, որ ժողովրդի համար է, և նրա արյունը տանի վարագույրից ներս. նա այդ արյան հետ անի այնպես, ինչպես վարվեց զվարակի արյան հետ, այսինքն՝ այն շաղ տա քավության վրա և քավության առաջ։ Եվ քավություն անի սրբարանի համար Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերից ու հանցանքներից։ Եվ այսպես անի ժողովի վրանի հետ, որ նրանց հետ է լինում իրենց անմաքրությունների մեջ։ Երբ Ահարոնը սրբարան մտնի քավություն անելու համար, ոչ մի մարդ չպետք է լինի ժողովի վրանում մինչև նրա դուրս գալը, որ քավություն անի իր համար, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։ Այնուհետև դուրս գա դեպի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանը և քավություն անի դրա համար. և վերցնի զվարակի ու նոխազի արյունից և շուրջանակի քսի զոհասեղանի եղջյուրներին։ Եվ իր մատով այդ արյունից յոթ անգամ շաղ տա դրա վրա և Իսրայելի որդիների անմաքրություններից մաքրի այն ու սրբացնի այն։ Երբ վերջացնի սուրբ տեղի, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն անելը, թող մոտ բերի կենդանի նոխազը։ Ահարոնն իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին և դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին և այն ուղարկի դեպի անապատ մի հատուկ մարդու միջոցով։ Նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա տանի անմարդաբնակ մի վայր, և այդ մարդը անապատում բաց թողնի նոխազը։ Ահարոնը մտնի ժողովի վրանը. սրբարան մտնելիս հանի իր հագած կտավե զգեստները և դրանք դնի այնտեղ։ Եվ իր մարմինը ջրով լվանա սուրբ վայրում և հագնի իր զգեստները. և դուրս գալով՝ մատուցի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը և քավություն անի իր համար և ժողովրդի համար։ Եվ զոհասեղանի վրա այրի մեղքի զոհի ճարպը։ Նոխազն ազատ արձակելու համար տանող մարդը լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։ Մեղքի զոհի զվարակն ու մեղքի զոհի նոխազը, որոնց արյունը սուրբ տեղ է բերվել քավություն անելու համար, թող դուրս հանեն բանակատեղիից և նրանց մորթերը, մսերն ու աղբը այրեն կրակով։ Դրանք այրողը պետք է լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։ Այս ձեզ համար հավիտենական կանոն կլինի. յոթերորդ ամսին՝ ամսի տասներորդ օրը, ձեր անձերը պիտի խոնարհեցնեք և ոչ մի գործ չպիտի անեք. ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակություն հաստատած օտարականը. որովհետև այդ օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որպեսզի դուք մաքրվեք Տիրոջ առաջ ձեր գործած բոլոր մեղքերից։ Դա ձեզ համար հանգստյան շաբաթ պիտի լինի, և հավիտենական կանոնով պիտի խոնարհեցնեք ձեր անձերը։ Քավություն պիտի անի այն օծված և իր հոր տեղը քահանայություն անելու համար օրհնված քահանան։ Նա կհագնի կտավե զգեստները՝ սուրբ զգեստները, և քավություն կանի ամենասուրբ տեղի համար, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն կանի, քահանաների և ամբողջ ժողովրդի համար քավություն կանի։ Սա ձեզ համար հավիտենական կանոն կլինի Իսրայելի որդիների համար տարին մեկ անգամ քավություն անելու՝ իրենց գործած բոլոր մեղքերի պատճառով»։ Եվ նա արեց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում