ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 2

2
Տիրոջ պատիժը Երուսաղեմին
1Տերն ինչպե՜ս է իր բարկության ամպով պատել Սիոնի դստերը. նա երկնքից երկիր գցեց Իսրայելի փառքը և իր բարկության օրը չհիշեց իր ոտքերի պատվանդանը։
2Տերն առանց գթալու խորտակեց Հակոբի բոլոր բնակարանները, իր բարկության մեջ քանդեց Հուդայի դստեր ամրոցները, գետնով տվեց. անպատվեց թագավորությունն ու իշխանավորներին։
3Նա իր սաստիկ բարկությամբ փշրեց Իսրայելի ամբողջ զորությունը, իր աջ ձեռքը նրանցից վերցրեց թշնամու առաջ և կրակի բոցի պես վառվեց Հակոբի մեջ՝ այրելով շուրջբոլորը։
4Թշնամու պես իր աղեղը լարեց, իր աջով պատրաստ՝ հակառակորդի նման, և կոտորեց աչքին հաճելի բոլոր բաները, իր բարկությունը Սիոնի դուստրերի վրա թափեց կրակի պես։
5Տերը թշնամու պես եղավ, կործանեց Իսրայելին, կործանեց նրա բոլոր պալատները, քանդեց նրա ամրոցները և Հուդայի դստեր մեջ բազմացրեց ողբն ու սուգը։
6Այգու պես ավերեց իր տաղավարը, նրա ժողովատեղին քանդեց, Տերը Սիոնում մոռացության տվեց հանդիսավոր տոնը և Շաբաթը և իր ցասումնալից բարկությամբ արհամարհեց թագավորին ու քահանային։
7Տերը մերժեց իր զոհասեղանը, իր սրբարանն ուրացավ, նրա պալատների պատերը թշնամու ձեռքը հանձնեց. հանդիսավոր տոն օրվա պես ձայն տվեցին Տիրոջ տանը։
8Տերը մտադրեց քանդել Սիոնի դստեր պարիսպը, քաշեց լարը, իր ձեռքը ետ չպահեց կործանելուց, պատնեշին ու պարսպին սուգ անել տվեց, միասին հյուծվեցին։
9Գետնի մեջ մխրճվեցին նրա դարպասները. նա փչացրեց ու կոտրեց նրա նիգերը, նրա թագավորն ու իշխանավորները ազգերի մեջ են աքսորվել. օրենք ևս չկա. և նրա մարգարեներն էլ տեսիլք չեն գտնում Տիրոջից։
10Հողի վրա լուռ նստել են Սիոնի դստեր երեցները. հող ցրեցին իրենց գլխի վրա, քուրձեր հագան. իրենց գլուխները գետին խոնարհեցին Երուսաղեմի կույսերը։
11Աչքերս մաշվեցին արտասուքից, ընդերքս բորբոքվել է, սիրտս հալվում է#2.11 Բռց. լյարդս գետին թափվեց։ իմ ժողովրդի դստեր անկման համար և քաղաքի հրապարակներում երեխաների ու կաթնակերների հյուծվելու պատճառով։
12Իրենց մայրերին ասում են. «Ո՞ւր են ցորենն ու գինին», երբ վիրավորների պես նվաղում են քաղաքի փողոցներում, մինչ իրենց հոգին են ավանդում իրենց մայրերի կրծքին։
13Քո մասին ի՞նչ վկայեմ, քեզ ինչի՞ նմանեցնեմ, ո՛վ Երուսաղեմի դուստր. քեզ մխիթարելու համար քեզ ինչի՞ հետ համեմատեմ, ո՛վ Սիոնի կույս դուստր. որովհետև քո կործանումը ծովի չափ մեծ է, և ո՞վ պիտի բժշկի քեզ։
14Քո մարգարեները քեզ համար սուտ ու անիմաստ տեսիլքներ տեսան, քո անօրենությունը չբացահայտեցին, որպեսզի քեզ գերությունից վերադարձնեն, և քեզ համար սուտ ու մոլոր պատգամներ տեսան։
15Ճանապարհով բոլոր անցնողները քեզ վրա ծափ են տալիս, սուլում են և իրենց գլուխը տատանում Երուսաղեմի դստերը՝ ասելով. «Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին “Գեղեցկության կատարելություն”, “Ամբողջ երկրի ուրախություն”»։
16Քո բոլոր թշնամիներն իրենց բերանը բաց արեցին քո դեմ, սուլեցին, ատամ կրճտացրին և ասացին. «Կո՛ւլ տվեցինք։ Հենց սա է մեր սպասած օրը. գտանք, տեսանք»։
17Տերը կատարեց իր մտադրածը, իրագործեց իր խոսքը, որ վճռել էր վաղեմի օրերից. քանդեց և չգթաց և թշնամուն քեզնով ուրախացրեց, բազմապատկեց#2.17 Բռց. բարձրացրեց։ քո հակառակորդների զորությունը։
18Նրանց սիրտն աղաղակեց Տիրոջը. ո՛վ Սիոնի դստեր պատ, գիշեր ու ցերեկ գետի պես արտասո՛ւք թափիր, քեզ դադար մի՛ տուր, աչքիդ բիբը թող չհանգստանա։
19Վե՛ր կաց, աղաղակի՛ր գիշերով՝ գիշերային պահերի հսկումի սկզբին. սիրտդ ջրի պես թափի՛ր Տիրոջ առաջ. դեպի նա բարձրացրո՛ւ ձեռքերդ քո երեխաների կյանքի համար, որոնք սովից նվաղում են ամեն փողոցի գլխին։
20Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս. ո՞ւմ հետ ես այդպես վարվել. մի՞թե կանայք իրենց պտուղը պիտի ուտեն՝ նորածին երեխաներին. մի՞թե Տիրոջ սրբարանում սպանվեն քահանան ու մարգարեն։
21Դրսում՝ գետնի վրա, փռվեցին տղան ու ծերը. իմ կույսերն ու իմ երիտասարդները սրից ընկան, սպանեցիր քո բարկության օրը, մորթեցիր առանց գթալու։
22Հանդիսավոր տոն օրվա պես չորսբոլորից կանչեցիր իմ վախերը։ Եվ Տիրոջ բարկության օրը ազատվող կամ վերապրող չեղավ. ինչ որ ծնել ու մեծացրել էի, իմ թշնամին բնաջնջեց։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք