ՀԵՍՈՒ 6:1-27

ՀԵՍՈՒ 6:1-27 ՆՎԱԱ

Երիքովն ամուր փակված էր Իսրայելի որդիների պատճառով։ Դուրս եկող և ներս մտնող չկար։ Տերը Հեսուին ասաց. «Տե՛ս, ես քո ձեռքն եմ հանձնել Երիքովը, նրա թագավորին և զորավոր քաջերին։ Դուք՝ բոլոր պատերազմող մարդիկդ, շրջապատե՛ք քաղաքը՝ մեկ անգամ պտույտ տալով քաղաքի շուրջը։ Վեց օր այդպես կանեք։ Յոթ քահանա յոթ հոբելյանական փողեր թող վերցնեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը յոթ անգամ պտույտ կտաք քաղաքի շուրջը, և քահանաները կհնչեցնեն փողերը։ Երբ նրանք հնչեցնեն հոբելյանական եղջերափողերը, և երբ դուք լսեք փողերի ձայնը, ամբողջ ժողովուրդը մեծ աղաղակ կբարձրացնի. քաղաքի պարիսպները փուլ կգան, և ժողովուրդը վեր կգնա՝ ամեն մեկն ուղիղ իր դիմացը»։ Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին և ասաց նրանց. «Վերցրե՛ք ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ հոբելյանական փողեր թող առնեն Տիրոջ տապանակի առջևից»։ Եվ ասաց ժողովրդին. «Անցե՛ք, շրջապատե՛ք քաղաքը, և զինյալ մարդիկ Տիրոջ տապանակի առաջն անցնեն»։ Երբ Հեսուն ժողովրդին ասաց, յոթ քահանաները, որոնք ունեին յոթ հոբելյանական փողերը, Տիրոջ առաջն անցնելով, հնչեցրին փողերը, ու Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նրանց ետևից։ Զինյալ մարդիկ գնում էին փողեր հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահները՝ տապանակի ետևից. քահանաները գնում և հնչեցնում էին փողերը։ Հեսուն ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Մի՛ աղաղակեք, և ձեր ձայնը չլսվի, ու ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ես ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք. այն ժամանակ կաղաղակեք»։ Տիրոջ տապանակը դարձավ քաղաքի շուրջբոլորը՝ մեկ անգամ պտույտ տալով, ապա բանակատեղի եկան և գիշերը մնացին բանակատեղիում։ Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, և քահանաները վերցրին Տիրոջ տապանակը։ Յոթ հոբելյանական փողերը կրող յոթ քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առջևից՝ հնչեցնելով փողերը։ Զինյալ մարդիկ գնում էին նրանց առջևից, իսկ վերջապահներն էլ՝ Տիրոջ տապանակի ետևից, և քահանաները հնչեցնում էին փողերը։ Երկրորդ օրն էլ մեկ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը և վերադարձան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։ Յոթերորդ օրը կանուխ վեր կացան լուսաբացին և նույն ձևով յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը. այդ օրն էր միայն, որ յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը։ Յոթերորդ անգամ, երբ քահանաները հնչեցրին փողերը, Հեսուն ասաց ժողովրդին. «Աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը ձեզ է տվել։ Քաղաքն ու նրա մեջ ամեն ինչ նզովյալ կլինի Տիրոջ համար, միայն պոռնիկ Ռախաբը ողջ կմնա, ինքը և իր հետ իր տանը բոլոր եղողները, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։ Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե նզովք բերեք՝ նզովվածից առնելով, և Իսրայելի բանակատեղին նզովքի մեջ գցելով՝ փորձանքի ենթարկեք այն։ Ամբողջ արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները Տիրոջ համար սուրբ կլինեն և կմտնեն Տիրոջ գանձարանը»։ Եվ ժողովուրդն աղաղակեց փողերը հնչելիս։ Երբ ժողովուրդը լսեց փողերի ձայնն ու բարձրաձայն աղաղակեց, պարիսպները փուլ եկան։ Ժողովուրդը բարձրացավ դեպի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Եվ գրավեցին քաղաքը, և ինչ որ կար քաղաքում՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, երիտասարդ և ծեր, արջառ, ոչխար ու էշ, սրի քաշեցին։ Հեսուն ասաց այդ երկիրը լրտեսող երկու մարդկանց. «Գնացե՛ք այդ պոռնիկ կնոջ տունը և դո՛ւրս հանեք այնտեղից այդ կնոջն ու նրա ամբողջ ունեցածը, ինչպես որ երդվել եք նրան»։ Եվ այն լրտեսող երիտասարդները գնացին, դուրս հանեցին Ռախաբին, նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքը, նրա ամբողջ ազգատոհմն էլ և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակատեղիից դուրս։ Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրեցին կրակով, միայն արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները դրեցին Տիրոջ տան գանձարանում։ Այսպես Հեսուն ողջ թողեց պոռնիկ Ռախաբին, նրա հոր ընտանիքը և նրա բոլոր մերձավորներին, և նա բնակվում է Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Հեսուն ուղարկել էր հետախուզելու Երիքովը։ Հեսուն այդ ժամանակ երդվեց՝ ասելով. «Թող անիծյալ լինի Տիրոջ առաջ այն մարդը, որ վեր կկենա և կշինի այս Երիքով քաղաքը, նրա հիմքերը կդնի իր անդրանիկ որդու կյանքի գնով և նրա դարպասները կկանգնեցնի իր կրտսեր որդու կյանքի գնով»։ Տերը Հեսուի հետ էր, և նրա համբավը տարածվեց ամբողջ երկրում։