ՀԵՍՈՒ 6

6
Երիքովի անկումը
1Երիքովն ամուր փակված էր Իսրայելի որդիների պատճառով։ Դուրս եկող և ներս մտնող չկար։ 2Տերը Հեսուին ասաց. «Տե՛ս, ես քո ձեռքն եմ հանձնել Երիքովը, նրա թագավորին և զորավոր քաջերին։ 3Դուք՝ բոլոր պատերազմող մարդիկդ, շրջապատե՛ք քաղաքը՝ մեկ անգամ պտույտ տալով քաղաքի շուրջը։ Վեց օր այդպես կանեք։ 4Յոթ քահանա յոթ հոբելյանական փողեր թող վերցնեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը յոթ անգամ պտույտ կտաք քաղաքի շուրջը, և քահանաները կհնչեցնեն փողերը։ 5Երբ նրանք հնչեցնեն հոբելյանական եղջերափողերը, և երբ դուք լսեք փողերի ձայնը, ամբողջ ժողովուրդը մեծ աղաղակ կբարձրացնի. քաղաքի պարիսպները փուլ կգան, և ժողովուրդը վեր կգնա՝ ամեն մեկն ուղիղ իր դիմացը»։
6Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին և ասաց նրանց. «Վերցրե՛ք ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ հոբելյանական փողեր թող առնեն Տիրոջ տապանակի առջևից»։ 7Եվ ասաց ժողովրդին. «Անցե՛ք, շրջապատե՛ք քաղաքը, և զինյալ մարդիկ Տիրոջ տապանակի առաջն անցնեն»։ 8Երբ Հեսուն ժողովրդին ասաց, յոթ քահանաները, որոնք ունեին յոթ հոբելյանական փողերը, Տիրոջ առաջն անցնելով, հնչեցրին փողերը, ու Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նրանց ետևից։
9Զինյալ մարդիկ գնում էին փողեր հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահները՝ տապանակի ետևից. քահանաները գնում և հնչեցնում էին փողերը։ 10Հեսուն ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Մի՛ աղաղակեք, և ձեր ձայնը չլսվի, ու ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ես ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք. այն ժամանակ կաղաղակեք»։ 11Տիրոջ տապանակը դարձավ քաղաքի շուրջբոլորը՝ մեկ անգամ պտույտ տալով, ապա բանակատեղի եկան և գիշերը մնացին բանակատեղիում։
12Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, և քահանաները վերցրին Տիրոջ տապանակը։ 13Յոթ հոբելյանական փողերը կրող յոթ քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առջևից՝ հնչեցնելով փողերը։ Զինյալ մարդիկ գնում էին նրանց առջևից, իսկ վերջապահներն էլ՝ Տիրոջ տապանակի ետևից, և քահանաները հնչեցնում էին փողերը։ 14Երկրորդ օրն էլ մեկ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը և վերադարձան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։ 15Յոթերորդ օրը կանուխ վեր կացան լուսաբացին և նույն ձևով յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը. այդ օրն էր միայն, որ յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը։ 16Յոթերորդ անգամ, երբ քահանաները հնչեցրին փողերը, Հեսուն ասաց ժողովրդին. «Աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը ձեզ է տվել։ 17Քաղաքն ու նրա մեջ ամեն ինչ նզովյալ կլինի Տիրոջ համար, միայն պոռնիկ Ռախաբը ողջ կմնա, ինքը և իր հետ իր տանը բոլոր եղողները, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։ 18Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե նզովք բերեք՝ նզովվածից առնելով, և Իսրայելի բանակատեղին նզովքի մեջ գցելով՝ փորձանքի ենթարկեք այն։ 19Ամբողջ արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները Տիրոջ համար սուրբ կլինեն և կմտնեն Տիրոջ գանձարանը»։
20Եվ ժողովուրդն աղաղակեց փողերը հնչելիս։ Երբ ժողովուրդը լսեց փողերի ձայնն ու բարձրաձայն աղաղակեց, պարիսպները փուլ եկան։ Ժողովուրդը բարձրացավ դեպի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Եվ գրավեցին քաղաքը, 21և ինչ որ կար քաղաքում՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, երիտասարդ և ծեր, արջառ, ոչխար ու էշ, սրի քաշեցին#6.21 Կամ նզովեցին։։ 22Հեսուն ասաց այդ երկիրը լրտեսող երկու մարդկանց. «Գնացե՛ք այդ պոռնիկ կնոջ տունը և դո՛ւրս հանեք այնտեղից այդ կնոջն ու նրա ամբողջ ունեցածը, ինչպես որ երդվել եք նրան»։ 23Եվ այն լրտեսող երիտասարդները գնացին, դուրս հանեցին Ռախաբին, նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքը, նրա ամբողջ ազգատոհմն էլ և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակատեղիից դուրս։ 24Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրեցին կրակով, միայն արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները դրեցին Տիրոջ տան գանձարանում։ 25Այսպես Հեսուն ողջ թողեց պոռնիկ Ռախաբին, նրա հոր ընտանիքը և նրա բոլոր մերձավորներին, և նա բնակվում է Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Հեսուն ուղարկել էր հետախուզելու Երիքովը։
26Հեսուն այդ ժամանակ երդվեց՝ ասելով. «Թող անիծյալ լինի Տիրոջ առաջ այն մարդը, որ վեր կկենա և կշինի այս Երիքով քաղաքը, նրա հիմքերը կդնի իր անդրանիկ որդու կյանքի գնով և նրա դարպասները կկանգնեցնի իր կրտսեր որդու կյանքի գնով»։ 27Տերը Հեսուի հետ էր, և նրա համբավը տարածվեց ամբողջ երկրում։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում