ՀԵՍՈՒ 5

5
1Ամորհացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս՝ արևմտյան կողմում էին, և քանանացիների բոլոր թագավորները, որոնք ծովեզերքի մոտ էին, երբ լսեցին, թե Տերը ցամաքեցրել է Հորդանան գետի ջրերը Իսրայելի որդիների առջև մինչև նրանց անցնելը, այդ ժամանակ նրանց սիրտը հալվեց, և նրանց մեջ հոգի չմնաց Իսրայելի որդիների առջև։
Թլփատություն Գաղգաղայում
2Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Սուր դանակնե՛ր շինիր քեզ համար և դարձիր կրկին թլփատի՛ր Իսրայելի որդիներին»։ 3Հեսուն սուր դանակներ շինեց իր համար և Իսրայելի որդիներին թլփատեց Գիբաթհաարալոթում։#5.3 Անթլփատների բլուր։ 4Այս է պատճառը, որի համար Հեսուն թլփատեց նրանց. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի բոլոր արուները՝ պատերազմող բոլոր մարդիկ, անապատում ճանապարհին մեռան Եգիպտոսից դուրս գալուց հետո։ 5Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր. բայց Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում ճանապարհին ծնված ամբողջ ժողովրդին չթլփատեցին, 6որովհետև Իսրայելի որդիները քառասուն տարի շրջեցին անապատում, մինչև որ ամբողջ ազգը, այսինքն՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմող մարդիկ ոչնչացան, քանի որ չհնազանդվեցին Տիրոջ խոսքին։ Որովհետև Տերը նրանց երդվեց, որ բնավ ցույց չի տա նրանց այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ 7Նրանց փոխարեն կանգնեցրեց նրանց զավակներին, և Հեսուն նրանց թլփատեց, որովհետև անթլփատ էին, ճանապարհին չէին թլփատել նրանց։ 8Երբ ամբողջ ժողովրդի թլփատումն ավարտվեց, մնացին բանակատեղիում՝ իրենց տեղում, մինչև որ ապաքինվեցին։ 9Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ես ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը դրեցին Գաղգաղա. այդպես է մինչև այսօր։ 10Իսրայելի որդիները բանակատեղի հաստատեցին Գաղգաղայում և զատիկն արեցին ամսի տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Երիքովի դաշտերում։ 11Զատկի հետևյալ օրը այդ երկրի բերքից բաղարջ և աղանձ կերան. նրանք կերան հենց նույն օրը։
12Հաջորդ օրը, երբ այդ երկրի բերքից կերան, մանանան դադարեց, և դրանից հետո Իսրայելի որդիների համար այլևս մանանա չկար։ Այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։
Հեսուն և սրով մարդը
13Երբ Հեսուն Երիքովում էր, իր աչքերը բարձրացնելով՝ տեսավ, որ ահա իր դիմաց մի մարդ էր կանգնել՝ ձեռքին էլ մի մերկ սուր։ Հեսուն մոտեցավ նրան և ասաց. «Դու մեզանի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։ 14Նա ասաց. «Ո՛չ, ես Տիրոջ զորավարն եմ և հիմա եկա»։ Հեսուն երեսնիվայր գետին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Ի՞նչ է հրամայում իմ տերն իր ծառային»։ 15Եվ Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում