ՀԵՍՈՒ 5:1-12

ՀԵՍՈՒ 5:1-12 ՆՎԱԱ

Ամորհացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս՝ արևմտյան կողմում էին, և քանանացիների բոլոր թագավորները, որոնք ծովեզերքի մոտ էին, երբ լսեցին, թե Տերը ցամաքեցրել է Հորդանան գետի ջրերը Իսրայելի որդիների առջև մինչև նրանց անցնելը, այդ ժամանակ նրանց սիրտը հալվեց, և նրանց մեջ հոգի չմնաց Իսրայելի որդիների առջև։ Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Սուր դանակնե՛ր շինիր քեզ համար և դարձիր կրկին թլփատի՛ր Իսրայելի որդիներին»։ Հեսուն սուր դանակներ շինեց իր համար և Իսրայելի որդիներին թլփատեց Գիբաթհաարալոթում։ Այս է պատճառը, որի համար Հեսուն թլփատեց նրանց. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի բոլոր արուները՝ պատերազմող բոլոր մարդիկ, անապատում ճանապարհին մեռան Եգիպտոսից դուրս գալուց հետո։ Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր. բայց Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում ճանապարհին ծնված ամբողջ ժողովրդին չթլփատեցին, որովհետև Իսրայելի որդիները քառասուն տարի շրջեցին անապատում, մինչև որ ամբողջ ազգը, այսինքն՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմող մարդիկ ոչնչացան, քանի որ չհնազանդվեցին Տիրոջ խոսքին։ Որովհետև Տերը նրանց երդվեց, որ բնավ ցույց չի տա նրանց այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ Նրանց փոխարեն կանգնեցրեց նրանց զավակներին, և Հեսուն նրանց թլփատեց, որովհետև անթլփատ էին, ճանապարհին չէին թլփատել նրանց։ Երբ ամբողջ ժողովրդի թլփատումն ավարտվեց, մնացին բանակատեղիում՝ իրենց տեղում, մինչև որ ապաքինվեցին։ Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ես ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը դրեցին Գաղգաղա. այդպես է մինչև այսօր։ Իսրայելի որդիները բանակատեղի հաստատեցին Գաղգաղայում և զատիկն արեցին ամսի տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Երիքովի դաշտերում։ Զատկի հետևյալ օրը այդ երկրի բերքից բաղարջ և աղանձ կերան. նրանք կերան հենց նույն օրը։ Հաջորդ օրը, երբ այդ երկրի բերքից կերան, մանանան դադարեց, և դրանից հետո Իսրայելի որդիների համար այլևս մանանա չկար։ Այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։