ՀԵՍՈՒ 14
14
Հորդանան գետի արևմտյան կողմի երկրի բաժանումը
1Սրանք են քանանացիների երկրում Իսրայելի որդիների ժառանգած վայրերը, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետության իշխանները տվեցին նրանց իբրև ժառանգություն։ 2Վիճակով եղավ նրանց՝ այդ իննուկես ցեղերի ժառանգությունը, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսի միջոցով, 3որովհետև Մովսեսը երկուսուկես ցեղերին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում. բայց ղևտացիներին ժառանգություն չտվեց նրանց մեջ։ 4Քանի որ Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն ու Եփրեմը, և ղևտացիներին բաժին չտվին երկրի մեջ, այլ քաղաքներ՝ բնակվելու համար և դրանց ագարակները նրանց ոչխարների ու ստացվածքների համար։ 5Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Իսրայելի որդիներն այնպես արեցին և բաժանեցին երկիրը։
Քեբրոնը տրվում է Քաղեբին
6Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու գիտես այն խոսքը, որ Տերը Կադես-Բառնեայում ասաց Աստծու մարդ Մովսեսին իմ և քո մասին։ 7Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառա Մովսեսն ինձ Կադես-Բառնեայից ուղարկեց երկիրը հետախուզելու, և ես նրան սրտիս մեջ եղածի պես անկեղծ լուր բերեցի։ 8Սակայն ինձ հետ վեր գնացող իմ եղբայրները ժողովրդի սիրտը թուլացրին, բայց ես ամբողջովին հետևեցի իմ Տեր Աստծուն։ 9Այն օրը Մովսեսը երդում արեց՝ ասելով. “Այն երկիրը, ուր քո ոտքը կոխել է, հավիտյան քոնը և քո որդիներինը թող լինի իբրև ժառանգություն, որովհետև դու ամբողջովին հետևեցիր իմ Տեր Աստծուն”։ 10Արդ, ահա Տերն ինձ ողջ է պահել, ինչպես որ ասել էր. քառասունհինգ տարիներին այն ժամանակից ի վեր, որ Տերն այս խոսքն ասաց Մովսեսին, երբ Իսրայելի որդիները թափառում էին անապատում։ Եվ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ։ 11Այսօր ես տակավին ուժեղ եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այն ժամանակվա ուժս ինչպես որ էր, այժմ էլ այնպես է թե՛ պատերազմելու և թե՛ դուրս գալու և մտնելու համար։ 12Հիմա տո՛ւր ինձ այն լեռը, որի մասին Տերը խոսեց այն օրը, որովհետև դու այն օրը լսեցիր, որ այնտեղ կան ենակիմներ և մեծ ու պարսպապատ քաղաքներ. գուցե Տերն ինձ հետ լինի, և ես կհալածեմ նրանց, ինչպես որ Տերն ասել է»։ 13Եվ Հեսուն օրհնեց նրան ու Քեբրոնը Հեփոնեի որդի Քաղեբին տվեց իբրև ժառանգություն։ 14Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը և այդպես է մինչև այսօր, որովհետև նա ամբողջովին հետևեց Իսրայելի Տեր Աստծուն։ 15Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր, որն ամենամեծ մարդն էր եղել ենակիմների մեջ։
Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 14: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018