ՀԵՍՈՒ 11

11
Հեսուն հաղթում է Հաբինին և նրա դաշնակիցներին
1Երբ Հասորի Հաբին թագավորը լսեց, մարդ ուղարկեց Մադոնի Հոբաբ թագավորի մոտ, Սամրոնի թագավորի մոտ, Աքսափի թագավորի մոտ 2և այն թագավորների մոտ, որոնք հյուսիսային լեռներում, Քեներեթի հարավային դաշտում ու հովտում և Դորի գավառներում էին՝ արևմտյան կողմում, 3այսինքն՝ արևելյան և արևմտյան քանանացիների, ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ հեբուսացիների և Հերմոնի տակ Մասփայի երկրում ապրող խևացիների մոտ։ 4Նրանք դուրս եկան իրենց բոլոր բանակներով՝ ծովեզերքի ավազի չափ բազմաքանակ ժողովրդով, և խիստ շատ ձիերով ու կառքերով։ 5Այս բոլոր թագավորները, միանալով, գնացին բանակատեղի դրեցին Մառոնի ջրի մոտ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ։
6Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև վաղն այս ժամանակ ես նրանց բոլորին ջարդել պիտի տամ իսրայելացիների առաջ. ջղակտոր կանես նրանց ձիերին և կրակով կայրես նրանց կառքերը»։ 7Հեսուն և նրա հետ պատերազմող ամբողջ ժողովուրդը Մառոնի ջրի մոտ հանկարծակի նրանց դեմ գնացին և հարձակվեցին նրանց վրա։ 8Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։ 9Հեսուն նրանց արեց այնպես, ինչպես Տերն ասել էր իրեն. նրանց ձիերին ջղակտոր արեց և նրանց կառքերն այրեց կրակով։
10Այն ժամանակ Հեսուն ետ դարձավ, գրավեց Հասորը և նրա թագավորին սպանեց սրով, որովհետև Հասորն առաջ այս բոլոր թագավորությունների գլուխն էր։ 11Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին. ոչ մեկը ողջ չմնաց, և Հասորն այրեց կրակով։ 12Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց ու դրանց բոլոր թագավորներին սրի քաշելով՝ բնաջնջեց, ինչպես պատվիրել էր իրեն Տիրոջ ծառա Մովսեսը։ 13Բայց իսրայելացիները հողաբլուրների վրա եղած բոլոր քաղաքները չայրեցին, այլ միայն Հասորը, որ Հեսուն այրեց։ 14Այս քաղաքների ամբողջ ավարն ու անասունները Իսրայելի որդիները կողոպտեցին իրենց համար, բայց բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր չթողեցին։ 15Ինչպես Տերը պատվիրել էր իր ծառա Մովսեսին, այնպես Մովսեսը պատվիրեց Հեսուին, Հեսուն էլ այդպես արեց. ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Հեսուի գրաված երկրները
16Այսպես Հեսուն գրավեց այդ ամբողջ երկիրը, լեռնակողմը, ամբողջ հարավային կողմը, ամբողջ Գոսոմի երկիրը, հովիտն ու դաշտը, Իսրայելի լեռն ու նրա հովիտը, 17Սեիր բարձրացող Քալակ լեռից մինչև Հերմոն լեռան տակ՝ Լիբանանի հովտում եղող Բաաղգադը։ Նա դրանց բոլոր թագավորներին բռնեց, հարվածեց նրանց և սպանեց։ 18Այս բոլոր թագավորների դեմ Հեսուն շատ օրեր պատերազմ մղեց։ 19Չկար մի քաղաք, որ Իսրայելի որդիների հետ հաշտություն կնքած լիներ, բացի Գաբավոնում բնակվող խևացիներից։ Նրանք բոլորն էլ գրավեցին պատերազմով, 20որովհետև Տերն էր, որ կարծրացրեց նրանց սիրտը, որպեսզի պատերազմով դեմ դնեն Իսրայելին, ողորմություն չլինի նրանց համար, և նա կորստյան մատնի ու բնաջնջի նրանց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
21Այդ նույն ժամանակ Հեսուն գնաց և ենակիմներին բնաջնջեց լեռներից՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից, Հուդայի բոլոր լեռներից և Իսրայելի բոլոր լեռներից։ Հեսուն ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։ 22Իսրայելի որդիների երկրում ենակիմներ չմնացին, այլ մնացին միայն Գազայում, Գեթում և Ասեդոթում։
23Այսպես Հեսուն գրավեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Հեսուն որպես ժառանգություն այն տվեց Իսրայելին բաժիններով՝ ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը պատերազմից հանգստացավ։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք