ՀՈՎՆԱՆ 4

4
Հովնանի զայրույթը և Աստծու գութը
1Հովնանը խիստ դժգոհեց և զայրացավ։ 2Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար։ 3Եվ հիմա, ո՛վ Տեր, աղաչում եմ, ա՛ռ ինձանից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուցս լավ է»։ 4Եվ Տերն ասաց. «Մի՞թե լավ է, որ զայրացել ես»։ 5Եվ Հովնանը դուրս եկավ քաղաքից և նստեց քաղաքի արևելյան կողմում և իր համար այնտեղ մի տաղավար շինեց, նստեց նրա տակ՝ ստվերի մեջ, մինչև որ տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու։ 6Եվ Տեր Աստված մի դդմենու սահմանեց, որ բարձրանա Հովնանից վերև, որպեսզի ստվեր գցի նրա գլխին և ազատի նրան իր տառապանքից։ Եվ Հովնանը դդմենու համար մեծապես ուրախացավ։
7Բայց հաջորդ օրվա արշալույսին Աստված հրամայեց մի որդի, որ հարձակվի դդմենու վրա, ու սա չորացավ։ 8Եվ երբ արեգակը ծագեց, այն ժամանակ Աստված սահմանեց արևելյան խորշակաբեր քամուն, և արևը հարվածեց Հովնանի գլխին։ Նա թուլացավ, ուզում էր մեռնել և ասաց. «Մեռնելս ապրելուցս լավ է»։
9Եվ Աստված Հովնանին ասաց. «Մի՞թե լավ է, որ բարկացել ես դդմենու համար»։ Եվ նա ասաց. «Լավ է, որ բարկացել եմ մինչև մահ»։
10Եվ Տերն ասաց. «Դու ափսոսում ես դդմենու համար, որի վրա աշխատանք չարեցիր և որին չմեծացրիր, որը մեկ գիշերվա մեջ գոյացավ և մեկ գիշերվա մեջ ոչնչացավ։ 11Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի կան, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում, նաև շատ անասուն»։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՆԱՆ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք