ՀՈՎԵԼ 2:18-32

ՀՈՎԵԼ 2:18-32 ՆՎԱԱ

Այն ժամանակ Տերը նախանձախնդիր եղավ իր երկրի համար, գթաց իր ժողովրդին։ Տերը պատասխանեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ համար ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում, որ նրանցով կշտանաք։ Եվ ազգերի մեջ ձեզ այլևս նախատինքի չպիտի վերածեմ»։ Հյուսիսցուն պիտի հեռացնեմ ձեզանից և նրան մի չոր և ամայի երկիր պիտի քշեմ, դեմքը՝ դեպի արևելյան ծովը և թիկունքը՝ դեպի արևմտյան ծովը։ Եվ նրա ժանտահոտությունը պիտի բարձրանա ու նրա գարշահոտությունը, որովհետև Տերը մեծ բաներ է արել։ Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծ բաներ է արել։ Մի՛ վախեցեք, դաշտի՛ կենդանիներ, որովհետև կանաչում են հովիտները, որովհետև ծառը պտղաբերում է, թզենին և որթը պտղաբերում են իրենց ողջ կարողությամբ։ Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև արդարորեն ձեզ աշնանային անձրևներ պարգևեց և հիմա ձեզ տալիս է առատ տեղումներ՝ աշնանային և գարնանային անձրև՝ առաջվա պես։ Եվ կալերը կլցվեն ցորենով, տակառները կհորդեն գինով և յուղով։ Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ։ Եվ պիտի ուտեք ու ուտեք և կշտանաք և օրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ ձեզ համար հրաշալիքներ գործեց, և իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։ Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ուրիշը չկա. իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։ Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ Այն օրերին իմ հոգին ծառաների և աղախինների վրա ևս պիտի թափեմ։ Եվ երկնքում ու երկրիս վրա նշաններ պիտի տամ՝ արյուն և կրակ և ծխի սյուներ։ Տիրոջ մեծ և ահեղ օրը չեկած՝ արեգակը խավարի պիտի փոխվի, իսկ լուսինը՝ արյան։ Եվ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա և Երուսաղեմում Տիրոջ ասածի պես ազատում կլինի նաև այն մնացորդների մեջ, որոնց Տերը պիտի կանչի։

ՀՈՎԵԼ 2:18-32 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում