ՀՈՎԵԼ 2

2
Մոտ է Տիրոջ օրը
1Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում և ա՛զդ աղաղակեք իմ սուրբ լեռան վրա. երկրի բոլոր բնակիչները թող դողան, որովհետև Տիրոջ օրը գալիս է, որովհետև մոտ է 2մթի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը. ինչպես որ արշալույսն է տարածվում լեռների վրա, այնպես էլ մի բազմաթիվ և զորավոր ժողովուրդ է գալիս, որի նմանը երբևէ չի եղել և նրանից հետո էլ չի լինելու դարեդար։ 3Նրանց առաջից կրակը պիտի լափի, և նրանց ետևից բոցը պիտի այրի, երկիրը նրանց առաջ Եդեմի դրախտի պես է, բայց նրա ետևից՝ ամայի անապատ, այո, ոչինչ չի ազատվելու նրանցից։
4Նրանց տեսքը ձիերի տեսքի պես է, և ձիավորների պես պիտի արշավեն։ 5Մարտակառքերի դղրդյունի նման լեռների գլխին ոստոստում են, հարդ լափող կրակի բոցի ձայնի պես, մի հզոր ամբոխի պես, որ շարված է պատերազմի։ 6Ժողովուրդները պիտի տագնապեն նրանց առաջ, բոլորի դեմքերը պիտի գունաթափվեն։ 7Զորավորների պես պիտի արշավեն, պատերազմիկների նման պարսպի վրա պիտի բարձրանան, և յուրաքանչյուրն իր ճանապարհով պիտի գնա, և նրանք իրենց ուղիներից չպիտի խոտորվեն։ 8Եվ ոչ ոք չպիտի հրմշտի իր ընկերոջը, ամեն մեկն իր ճանապարհով պիտի գնա, ու սպառազինության վրա ընկնելով՝ չպիտի կասեցվեն։ 9Քաղաքի վրա պիտի խոյանան, պարսպի վրա պիտի վազեն, տների մեջ պիտի բարձրանան, գողի նման պատուհաններով ներս պիտի մտնեն։ 10Նրանց առջև երկիրը պիտի դողա, երկինքը ցնցվի, արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։ 11Եվ Տերը ձայն պիտի տա իր զորքերի առաջ, որովհետև շատ մեծ է նրա բանակը, որովհետև հզոր է իր խոսքը կատարողը։ Որովհետև մեծ և շատ ահեղ է Տիրոջ օրը, և ո՞վ կարող է նրան դիմանալ։
Կոչ ապաշխարության
12Սակայն հիմա Տերն ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի ի՛նձ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։ 13Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ ե՛տ դարձեք դեպի Տերը՝ ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։ 14Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և իր ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի Տիրոջ՝ ձեր Աստծու համար։
15Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, 16ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից։ 17Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ Տիրոջը ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, ազգերի արհամարհանքի առարկա. ինչո՞ւ ժողովուրդների մեջ ասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։
Տերը վերահաստատում է երկրի արգասաբերությունը
18Այն ժամանակ Տերը նախանձախնդիր եղավ իր երկրի համար, գթաց իր ժողովրդին։ 19Տերը պատասխանեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ համար ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում, որ նրանցով կշտանաք։ Եվ ազգերի մեջ ձեզ այլևս նախատինքի չպիտի վերածեմ»։ 20Հյուսիսցուն պիտի հեռացնեմ ձեզանից և նրան մի չոր և ամայի երկիր պիտի քշեմ, դեմքը՝ դեպի արևելյան ծովը և թիկունքը՝ դեպի արևմտյան ծովը։ Եվ նրա ժանտահոտությունը պիտի բարձրանա ու նրա գարշահոտությունը, որովհետև Տերը մեծ բաներ է արել։ 21Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծ բաներ է արել։ 22Մի՛ վախեցեք, դաշտի՛ կենդանիներ, որովհետև կանաչում են հովիտները, որովհետև ծառը պտղաբերում է, թզենին և որթը պտղաբերում են իրենց ողջ կարողությամբ։ 23Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև արդարորեն ձեզ աշնանային անձրևներ պարգևեց և հիմա ձեզ տալիս է առատ տեղումներ՝ աշնանային և գարնանային անձրև՝ առաջվա պես։ 24Եվ կալերը կլցվեն ցորենով, տակառները կհորդեն գինով և յուղով։ 25Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ։ 26Եվ պիտի ուտեք ու ուտեք և կշտանաք և օրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ ձեզ համար հրաշալիքներ գործեց, և իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։ 27Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ուրիշը չկա. իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։
Տիրոջ օրը
28 # 2.28 Եբրայերենում այստեղ 3-րդ գլուխն է՝ բաղկացած 5 համարից, իսկ այս թարգմանության 3-րդ գլուխը եբրայերենում 4-րդ գլուխն է։ Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ 29Այն օրերին իմ հոգին ծառաների և աղախինների վրա ևս պիտի թափեմ։ 30Եվ երկնքում ու երկրիս վրա նշաններ պիտի տամ՝ արյուն և կրակ և ծխի սյուներ։ 31Տիրոջ մեծ և ահեղ օրը չեկած՝ արեգակը խավարի պիտի փոխվի, իսկ լուսինը՝ արյան։ 32Եվ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա և Երուսաղեմում Տիրոջ ասածի պես ազատում կլինի նաև այն մնացորդների մեջ, որոնց Տերը պիտի կանչի։

Արդեն Ընտրված.

ՀՈՎԵԼ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք