ՀՈՎԵԼ 2:12-32

ՀՈՎԵԼ 2:12-32 ՆՎԱԱ

Սակայն հիմա Տերն ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի ի՛նձ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։ Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ ե՛տ դարձեք դեպի Տերը՝ ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։ Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և իր ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի Տիրոջ՝ ձեր Աստծու համար։ Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից։ Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ Տիրոջը ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, ազգերի արհամարհանքի առարկա. ինչո՞ւ ժողովուրդների մեջ ասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։ Այն ժամանակ Տերը նախանձախնդիր եղավ իր երկրի համար, գթաց իր ժողովրդին։ Տերը պատասխանեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ համար ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում, որ նրանցով կշտանաք։ Եվ ազգերի մեջ ձեզ այլևս նախատինքի չպիտի վերածեմ»։ Հյուսիսցուն պիտի հեռացնեմ ձեզանից և նրան մի չոր և ամայի երկիր պիտի քշեմ, դեմքը՝ դեպի արևելյան ծովը և թիկունքը՝ դեպի արևմտյան ծովը։ Եվ նրա ժանտահոտությունը պիտի բարձրանա ու նրա գարշահոտությունը, որովհետև Տերը մեծ բաներ է արել։ Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծ բաներ է արել։ Մի՛ վախեցեք, դաշտի՛ կենդանիներ, որովհետև կանաչում են հովիտները, որովհետև ծառը պտղաբերում է, թզենին և որթը պտղաբերում են իրենց ողջ կարողությամբ։ Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև արդարորեն ձեզ աշնանային անձրևներ պարգևեց և հիմա ձեզ տալիս է առատ տեղումներ՝ աշնանային և գարնանային անձրև՝ առաջվա պես։ Եվ կալերը կլցվեն ցորենով, տակառները կհորդեն գինով և յուղով։ Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ։ Եվ պիտի ուտեք ու ուտեք և կշտանաք և օրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ ձեզ համար հրաշալիքներ գործեց, և իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։ Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ուրիշը չկա. իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։ Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ Այն օրերին իմ հոգին ծառաների և աղախինների վրա ևս պիտի թափեմ։ Եվ երկնքում ու երկրիս վրա նշաններ պիտի տամ՝ արյուն և կրակ և ծխի սյուներ։ Տիրոջ մեծ և ահեղ օրը չեկած՝ արեգակը խավարի պիտի փոխվի, իսկ լուսինը՝ արյան։ Եվ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա և Երուսաղեմում Տիրոջ ասածի պես ազատում կլինի նաև այն մնացորդների մեջ, որոնց Տերը պիտի կանչի։