Հոբը պատասխանեց.
«Գիտեմ, որ իրոք այդպես է. մարդս Աստծու առաջ ինչպե՞ս կարդարանա։
Եթե ուզի նրա հետ վիճել, հազարից մեկին չի կարողանա պատասխանել։
Նա սրտով իմաստուն և զորությամբ մեծ է. նրան ո՞վ է դեմ կանգնել ու անվնաս դուրս եկել։
Նա, որ լեռներն է տեղաշարժում, ու իրենք չգիտեն։ Իր բարկության ժամանակ նրանց տապալում է։
Նա, որ երկիրն իր տեղից շարժում է, ու սրա սյուները երերում են,
Որ արևին հրամայում է, ու սա չի ծագում, աստղերի լույսն էլ փակում է,
Որ միայնակ երկինքն է տարածում, ու ծովի բարձր ալիքների վրա է գնում,
Որ Արջը, Հայկն ու Բազմաստեղն է ստեղծել ու Հարավի համաստեղությունները,
Որ անքննելի մեծամեծ բաներ է անում և անթիվ սքանչելիքներ։
Ահա նա իմ մոտով կանցնի, ու ես չեմ տեսնի, անց կկենա, ու չեմ իմանա։
Եթե նա խլել ուզենա, ո՞վ նրան ետ կպահի, ո՞վ կասի նրան՝ “Ի՞նչ ես անում”։
Աստված իր բարկությունը ետ չի դարձնի. նրա տակ Ռահաբի օգնականները կխոնարհվեն։
Ուրեմն ես ինչպե՞ս պատասխանեմ նրան ու նրա հետ վիճելու խոսքերս ընտրեմ։
Որովհետև արդար էլ լինեմ, պատասխան չեմ տա. իմ Դատավորին պիտի աղաչեմ, որ ողորմի ինձ։
Եթե ես կանչեի, ու նա պատասխաներ. չեմ հավատա, որ նա իմ ձայնը կլսի։
Նա, որ ինձ փոթորիկով կճզմի և զուր տեղն իմ վերքերը կշատացնի,
Չի թողնի ինձ, որ շունչ առնեմ, և ինձ դառնություններով կլցնի։
Եթե բանը զորության մասին է, ահա նա հզոր է։ Իսկ եթե իրավունքի մասին է, ո՞վ ինձ դատարան կկանչի։
Եթե ես արդար լինեմ, բերա՛նս ինձ կդատապարտի։ Եթե ես կատարյալ լինեմ, ա՛յն ինձ հանցավոր կհայտարարի։