ՀՈԲ 38

38
1Այն ժամանակ Տերը փոթորկի միջից պատասխանեց Հոբին և ասաց.
2«Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով։
3Տղամարդու պես մեջքդ գոտևորի՛ր, ու ես քեզ հարցնեմ, և դու ինձ գիտցածդ իմացրո՛ւ։
4Երբ ես դնում էի երկրի հիմքերը, որտե՞ղ էիր. իմացրո՛ւ ինձ, եթե հասկացողություն ունես։
5Եթե գիտես, ասա՛՝ ո՞վ դրեց դրա չափերը, կամ թե դրա վրա լարը ո՞վ քաշեց։
6Դրա հիմքերն ինչի՞ վրա են դրված, կամ դրա անկյունաքարն ո՞վ է դրել,
7Երբ առավոտյան աստղերը միասին ցնծությամբ երգում էին, ու երբ Աստծու բոլոր որդիները ուրախությամբ աղաղակում էին։
8Ծովը դռներով ո՞վ կապեց, երբ սա հորդահոսելով արգանդից դուրս եկավ։
9Երբ ես ամպը նրա համար հագուստ դրեցի և մեգը՝ խանձարուր,
10Իմ սահմանը նրա համար հաստատեցի և փականք ու դռներ դրեցի
11Եվ ասացի. “Մինչև այստեղ գաս և էլ չանցնես. այստեղ քո փառահեղ ալիքները դադար կառնեն”։
12Քո օրերում երբևէ մի առավոտի հրամայե՞լ ես, արշալույսին իր տեղը ցույց տվե՞լ ես,
13Որ երկրի ծայրերը բռնի, և ամբարիշտները նրանից թոթափվեն։
14Որ երկիրը ձև առնի, ինչպես կնիքի կավը, և ներկայանա որպես հանդերձով զարդարված.
15Ամբարիշտներից իրենց լույսը վերցվի, ու բարձր բազուկը կոտրվի։
16Արդյոք մինչև ծովի աղբյուրները գնացե՞լ ես և անդունդի խորքում ման եկե՞լ ես։
17Արդյոք քո առաջ մահվան դռները բացվե՞լ են, ու մահվան ստվերում դռները տեսե՞լ ես։
18Արդյոք երկրի լայնություններն ըմբռնե՞լ ես. ասա՛, եթե ամեն բան գիտես։
19Ո՞րն է այն տեղի ճանապարհը, որտեղ լույսն է բնակվում, և ո՞րն է խավարի տեղը,
20Որ դու այն իր սահմանը տանես և նրա տան շավիղները իմանաս։
21Դու գիտես, որովհետև այն ժամանակ ծնվեցիր, և քո օրերի թիվը մեծ է։
22Արդյոք ձյան շտեմարանները գնացե՞լ ես և կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես,
23Որ ես նեղության ժամանակի համար եմ պահել, կռվի և պատերազմի օրվա համար։
24Այն ո՞ր ճանապարհն է, որով փայլակը բաժանվում է, երկրի վրա տարածվում է արևելյան քամին։
25Ո՞վ է հեղեղների համար անցք բաց անում ու ճանապարհ՝ որոտումների փայլակի համար,
26Որ անմարդաբնակ երկրի վրա անձրև գա, անապատում, որտեղ մարդ չկա,
27Որ ամայի և ամայացված վայրերը կշտացնի և որ դալար խոտ բուսցնի։
28Անձրևը հայր ունի՞ արդյոք, կամ ո՞վ է ցողի կաթիլները ծնողը։
29Ո՞ւմ արգանդից է սառույցը դուրս գալիս, ու երկնքի եղյամը ծնողն ո՞վ է։
30Ջրերը քարի պես պնդանում են, և անդունդի երեսը սառչում է։
31Կարո՞ղ ես Բազմաստեղի կապերը կապել կամ Հայկի կապերը բաց անել։
32Համաստեղություններն իրենց ժամանակին կհանե՞ս և Արջն իր զավակների հետ կառաջնորդե՞ս։
33Երկնքի կանոնները գիտե՞ս կամ երկրի վրա նրա իշխանությունը կարո՞ղ ես հաստատել։
34Ձայնդ մինչև ամպերը կարո՞ղ ես բարձրացնել, որ մի ջրհեղեղ քեզ ծածկի,
35Կայծակներ ուղարկել, որ գնան ու քեզ ասեն. “Ահա այստեղ ենք”։
36Մարդու ներսում ո՞վ իմաստություն դրեց, կամ սրտին ո՞վ խելք տվեց։
37Ամպերն ո՞վ է իմաստությամբ հաշվում, և երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,
38Երբ փոշին անձրևից զանգված է դառնում, ու հողի կոշտերն իրար են կպչում։
39Կարո՞ղ ես առյուծի համար որս որսալ և կորյունների ախորժակը հագեցնել,
40Երբ դրանք այրերում կուչ են գալիս և թավուտներում դարան նստում։
41Ագռավի համար նրա որսն ո՞վ է պատրաստում, երբ նրա ձագերն առ Աստված են աղաղակում և կերի պակասի պատճառով թափառում»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 38: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք