Հոբը շարունակեց իր խոսքն ու ասաց.
«Երանի՜ առաջվա ամիսների և այն օրերի պես լինեի, երբ Աստված ինձ պահում էր.
Երբ նրա ճրագն իմ գլխի վերևում լույս էր տալիս, խավարում նրա լույսով էի գնում։
Երբ ես իմ երիտասարդության օրերում էի, և Աստծու մտերմությունն իմ վրանի վրա էր։
Երբ Ամենակարողը դեռևս ինձ հետ էր, և իմ որդիներն իմ շուրջն էին։
Երբ իմ ճանապարհը կարագով էր լվացված, և ապառաժը կողքիս ձիթայուղի աղբյուրներ էր բխեցնում։
Իսկ երբ քաղաքի դուռն էի դուրս գալիս, իմ աթոռը հրապարակում էի դնում.
Երիտասարդներն ինձ տեսնում էին ու թաքնվում, իսկ ալևորները վեր էին կենում կանգնում.
Իշխանները խոսելուց դադարում էին և ձեռքները բերաններին էին դնում.
Ազնվականների ձայնը կտրվում էր, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։
Որովհետև ինձ լսող ականջն ինձ երանի էր տալիս, և ինձ տեսնող աչքն ինձ հավանում էր։
Որովհետև ես աղաղակող տնանկին ազատում էի, նաև որբին, որ անօգնական էր։
Կորածի օրհնությունն ինձ վրա էր գալիս, և որբևայրու սիրտն ուրախացնում էի։
Արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի. իրավունքը պատմուճան և խույր էր ինձ համար։
Ես կույրին աչքեր էի, կաղին՝ ոտքեր։
Աղքատներին հայր էի. պաշտպանում էի ինձ անծանոթի դատը,
Փշրում էի անիրավի ժանիքը, նրա ատամների որսը խլում։
Ասում էի. “Բույնիս կողքին կմեռնեմ և օրերս ավազի չափ կշատացնեմ.
Արմատներս ջրին կբացվեն, ու ցողն իմ ոստերի վրա կօթևանի.
Փառքս նոր կմնա ինձ հետ, և աղեղս ձեռքիս կնորոգվի”։
Ինձ ականջ էին դնում և սպասում. երբ խորհուրդ էի տալիս, լռում էին։
Իմ խոսելուց հետո չէին կրկնում, և իմ ասածը կաթում էր նրանց վրա։
Ինձ սպասում էին, ինչպես անձրևին, ու բերանները բաց էին անում գարնան անձրևին սպասողի նման։
Եթե ես նրանց վրա ծիծաղեի, դժվար թե հավատային. իմ ուրախ երեսը չէին նսեմացնի։
Նրանց ճանապարհն էի որոշում և իբրև գլխավոր նստում. ապրում էի, ինչպես թագավորը՝ զորքի մեջ, իբրև մեկը, որ սգավորներին է մխիթարում»։