ՀՈԲ 27
27
1Հոբը շարունակեց իր խոսքն առաջ տանել ու ասաց.
2«Իմ իրավունքը մերժող Աստված և իմ հոգին դառնացնող Ամենակարողը կենդանի է,
3Ու քանի դեռ շունչս իմ մեջ է, և Աստծու հոգին իմ ռունգերի մեջ կա,
4Իմ շրթունքներն անիրավություն չպիտի խոսեն, և լեզուս խաբեություն չպիտի խոսի։
5Քա՜վ լիցի ինձ, որ ձեզ արդարացնեմ. մինչև մեռնելս ինձանից իմ կատարելությունը չեմ հեռացնելու։
6Արդարությունս պինդ եմ բռնել ու բաց չեմ թողնի. օրերիցս ոչ մեկի համար իմ խիղճը չի տանջում ինձ։
7Թող իմ թշնամին ամբարիշտի պես լինի, իմ հակառակորդը՝ անզգամի պես։
8Որովհետև ի՞նչն է անաստվածի հույսը, երբ նա կտրվի, և Աստված նրա հոգին իրենից առնի։
9Մի՞թե նրա աղաղակն Աստված կլսի, երբ նրա վրա նեղություն գա։
10Կամ թե նա ուրախանալո՞ւ է Ամենակարողով. ամեն ժամանակ Աստծո՞ւն է կանչելու։
11Աստծու զորության մասին ձեզ սովորեցնեմ. Ամենակարողի մոտ եղածը չեմ թաքցնի։
12Ահա դուք բոլորդ էլ տեսաք և ինչո՞ւ եք այդպես փուչ սնապաշտություն անում։
13Ահա Աստծու մոտ ամբարիշտ մարդու բաժինը և բռնավորների ժառանգությունը, որ Ամենակարողից են ստանում։
14Եթե նրա որդիները շատանում են, սրի համար է. նրա զավակները հացով չպիտի կշտանան։
15Նրա մնացորդները համաճարակից պիտի մեռնեն, ու նրանց որբևայրիները լաց չպիտի լինեն։
16Եթե նա հողի պես արծաթ էլ դիզելու լինի և ցեխի չափ հագուստներ պատրաստի,
17Նա կպատրաստի, բայց արդարը կհագնի, և արծաթն իբրև բաժին անմեղը կստանա։
18Նա իր տունը ցեցի ոստայնի պես է շինում և այն խրճիթի նման, որ այգու պահապանն է շինում։
19Հարուստ կպառկի, բայց այլևս այդպես չի անի. աչքերը կբացի, բայց ամեն ինչ կորած լինի։
20Արհավիրքը ջրերի պես նրան կհասնի. գիշերը փոթորիկը կգողանա նրան։
21Արևելյան քամին նրան կվերցնի, և նա կգնա. փոթորիկը նրան իր տեղից կթռցնի։
22Նրան վեր կգցի ու չի խնայի, մինչ նա կփախչի նրա զորությունից։
23Նրա վրա ծափ կզարնեն ու նրան իր տեղից կսուլեն»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 27: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018