ՀՈԲ 24:1-25

ՀՈԲ 24:1-25 ՆՎԱԱ

«Ինչո՞ւ Ամենակարողը չի պահել ժամանակները, և ինչպե՞ս նրան ճանաչողները չեն տեսնում նրա օրերը։ Չարագործները սահմաններն են տեղաշարժում, հոտեր են հափշտակում և արածեցնում, Որբերի էշը քշում-տանում են, որբևայրու եզը գրավ են վերցնում, Աղքատներին ճանապարհից մոլորեցնում են. երկրի աղքատները միասին թաքնվում են։ Ահա անապատի մեջ վայրի էշերի պես նրանք իրենց գործին են դուրս գալիս՝ վաղ առավոտից որս ման գալու. տափաստանը նրանց զավակներին հաց է տալիս։ Իրենց չպատկանող արտն են հնձում և ամբարիշտի այգին քաղում։ Գիշերը մերկ, առանց հագուստի են անցկացնում և ցրտին առանց ծածկոցի են։ Լեռների սաստիկ անձրևներից թրջվում են ու ապաստան չունենալով՝ ժայռին կառչում։ Որբին ստինքից են պոկում և աղքատի մանկանը գրավ են վերցնում։ Մերկ՝ առանց հագուստի են ման գալիս ու սոված-ծարավ՝ խուրձ են կրում։ Իրենց պատերի շրջափակի մեջ ձիթայուղ են հանում, հնձաններ տրորում, բայց ծարավ են մնում։ Քաղաքում մեռնող մարդիկ հեծեծում են, ու վիրավորների հոգին աղաղակում է օգնության համար, սակայն Աստված դա անզգամություն չի համարում։ Նրանք լույսի հակառակորդներ են. նրա ճանապարհները չեն ճանաչում ու նրա շավիղներում չեն մնում։ Մարդասպանն արշալույսին է վեր կենում, աղքատին ու տնանկին սպանում և գիշերը գողի նման կողոպտում է։ Շնացողի աչքն էլ է երեկոյին սպասում՝ ասելով. “Ինձ աչք չի տեսնի”, ու երեսին քող է դնում։ Մթով ծակում են այն տները, որոնց վրա ցերեկով նշան են արել. նրանք լույս ասած բանը չգիտեն։ Որովհետև նրանց բոլորի համար առավոտը մահվան ստվեր է, քանի որ նրանք մահվան ստվերի սոսկումները ճանաչում են։ Ջրի երեսին այն թեթև է. երկրի վրա նրանց բաժինն անիծյալ է, դեպի այգիների ճանապարհը չի դառնում։ Երաշտն ու տապը ձյան ջրերն են հափշտակում, գերեզմանն էլ՝ մեղք գործողներին։ Մայրը մոռանում է նրան, որդերը խրախճանք են անում նրա վրա. նա այլևս չի հիշվում, ու անիրավությունը ծառի նման կտրվում է, Որ չարչարում է չբեր-ամուլին և որբևայրուն բարիք չի անում։ Բայց Աստված իր ուժով զորավորներին կործանում է. երբ նա վեր կենա, ոչ ոք իր կյանքի համար ապահովություն չունի։ Բայց ինքը ապահովությամբ տալիս է նրան, որ իրեն վստահի, իսկ աչքերը նրա ճանապարհին են։ Մի քիչ ժամանակ բարձրացան, բայց ոչնչացան, ամենքի պես գլորվեցին ու խորտակվեցին և հասկի գլխի պես կտրվեցին։ Եթե այսպես չէ, ո՞վ է ինձ սուտ հանում և ցույց տալիս, որ իմ ասածները ոչինչ են»։