ՀՈԲ 24

24
1«Ինչո՞ւ Ամենակարողը չի պահել ժամանակները, և ինչպե՞ս նրան ճանաչողները չեն տեսնում նրա օրերը։
2 Չարագործները սահմաններն են տեղաշարժում, հոտեր են հափշտակում և արածեցնում,
3Որբերի էշը քշում-տանում են, որբևայրու եզը գրավ են վերցնում,
4Աղքատներին ճանապարհից մոլորեցնում են. երկրի աղքատները միասին թաքնվում են։
5Ահա անապատի մեջ վայրի էշերի պես նրանք իրենց գործին են դուրս գալիս՝ վաղ առավոտից որս ման գալու. տափաստանը նրանց զավակներին հաց է տալիս։
6Իրենց չպատկանող արտն են հնձում և ամբարիշտի այգին քաղում։
7Գիշերը մերկ, առանց հագուստի են անցկացնում և ցրտին առանց ծածկոցի են։
8Լեռների սաստիկ անձրևներից թրջվում են ու ապաստան չունենալով՝ ժայռին կառչում։
9Որբին ստինքից են պոկում և աղքատի մանկանը գրավ են վերցնում։
10Մերկ՝ առանց հագուստի են ման գալիս ու սոված-ծարավ՝ խուրձ են կրում։
11Իրենց պատերի շրջափակի մեջ ձիթայուղ են հանում, հնձաններ տրորում, բայց ծարավ են մնում։
12Քաղաքում մեռնող մարդիկ հեծեծում են, ու վիրավորների հոգին աղաղակում է օգնության համար, սակայն Աստված դա անզգամություն չի համարում։
13Նրանք լույսի հակառակորդներ են. նրա ճանապարհները չեն ճանաչում ու նրա շավիղներում չեն մնում։
14Մարդասպանն արշալույսին է վեր կենում, աղքատին ու տնանկին սպանում և գիշերը գողի նման կողոպտում է։
15Շնացողի աչքն էլ է երեկոյին սպասում՝ ասելով. “Ինձ աչք չի տեսնի”, ու երեսին քող է դնում։
16Մթով ծակում են այն տները, որոնց վրա ցերեկով նշան են արել. նրանք լույս ասած բանը չգիտեն։
17Որովհետև նրանց բոլորի համար առավոտը մահվան ստվեր է, քանի որ նրանք մահվան ստվերի սոսկումները ճանաչում են։
18Ջրի երեսին այն թեթև է. երկրի վրա նրանց բաժինն անիծյալ է, դեպի այգիների ճանապարհը չի դառնում։
19Երաշտն ու տապը ձյան ջրերն են հափշտակում, գերեզմանն էլ՝ մեղք գործողներին։
20Մայրը մոռանում է նրան, որդերը խրախճանք են անում նրա վրա. նա այլևս չի հիշվում, ու անիրավությունը ծառի նման կտրվում է,
21Որ չարչարում է չբեր-ամուլին և որբևայրուն բարիք չի անում։
22Բայց Աստված իր ուժով զորավորներին կործանում է. երբ նա վեր կենա, ոչ ոք իր կյանքի համար ապահովություն չունի։
23Բայց ինքը ապահովությամբ տալիս է նրան, որ իրեն վստահի, իսկ աչքերը նրա ճանապարհին են։
24Մի քիչ ժամանակ բարձրացան, բայց ոչնչացան, ամենքի պես գլորվեցին ու խորտակվեցին և հասկի գլխի պես կտրվեցին։
25Եթե այսպես չէ, ո՞վ է ինձ սուտ հանում և ցույց տալիս, որ իմ ասածները ոչինչ են»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 24: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք