ՀՈԲ 19

19
1Հոբը պատասխանեց.
2«Մինչև ե՞րբ պիտի իմ հոգին վշտացնեք ու ինձ ճնշեք խոսքերով։
3Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չե՞ք ամաչում՝ ինձ հետ վատ եք վարվում։
4Եվ եթե ես իրոք սխալվել եմ, իմ սխալմունքը միայն ինձ է վերաբերում։
5Եթե իմ նկատմամբ մեծամտանալ եք ուզում և նվաստացումիս համար ինձ հանդիմանում եք,
6Իմացե՛ք ուրեմն, որ Աստված է ինձ տապալել ու իր ցանցով ինձ պատել։
7Թեպետ աղաղակում եմ՝ “Անիրավված եմ”, բայց պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրավունք չկա։
8Նա ճանապարհս փակել է, ու չեմ կարողանում անցնել, և իմ շավիղները խավարով է ծածկել։
9Փառքս ինձնից վերացրել է, թագս գլխիցս վերցրել։
10Ինձ ամեն կողմից խորտակել է, ու ես գնում եմ, և իմ հույսը ծառի նման արմատախիլ է արել։
11Նա իմ դեմ վառել է իր բարկությունը և ինձ իր թշնամիներից է համարում։
12Նրա գնդերը միասին եկել են, իրենց ճանապարհներն իմ դեմ դրել ու իմ վրանի շուրջը բանակ են դրել։
13Իմ եղբայրներին ինձնից հեռացրել է. իմ ծանոթներն էլ ինձնից օտարացել են։
14Իմ ազգականներն ինձ լքել են, ու իմ ծանոթները՝ ինձ մոռացել։
15Իմ տանն ապրողներն ու իմ աղախիններն ինձ օտար են համարում. նրանց աչքին ես մի օտարական եմ դարձել։
16Ծառայիս կանչում եմ, բայց նա չի պատասխանում. նրան իմ բերանով պետք է աղաչեմ։
17Իմ շունչը կնոջս համար ատելի է, և ես զզվելի եմ իմ եղբայրների համար։
18Ինձ փոքր երեխաներն անգամ անարգում են. հենց վեր եմ կենում, նրանք վրաս խոսում են։
19Իմ մտերիմ բարեկամներն ինձնից զզվում են, և իմ սիրեցյալները հակառակվում են ինձ։
20Ոսկորներս մարմնիս ու մաշկիս են կպել, և ատամներիս կաշիով եմ ազատվել։
21Ողորմեցե՜ք ինձ, ողորմեցե՜ք ինձ, ո՛վ իմ բարեկամներ, որովհետև ինձ Աստծու ձեռքն է դիպել։
22Ինչո՞ւ եք դուք էլ Աստծու նման ինձ հալածում. իմ մարմնից չե՞ք կշտանում։
23Օ՜, երանի՜ թե խոսքերս գրի առնվեին, երանի՜ թե մի գրքում փորագրվեին՝
24Երկաթե գրիչով ու կապարով, քարի վրա հավիտյան փորագրվեին։
25Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի.
26Իմ մաշկի այսպես փչանալուց հետո Աստծուն իմ մարմնով եմ տեսնելու։
27Նրան ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են նայելու, ոչ թե ուրիշինը։ Երիկամներս իմ ներսում հալվում են։
28Պիտի ասեք՝ “Ինչո՞ւ ենք նրան հալածում”. և խնդրի արմատն իմ մեջ է։
29Սրից վախեցե՛ք, որովհետև բարկության պատիժը սուրն է. իմացա՛ծ եղեք, որ դատաստան կա»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 19: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք