ՀՈԲ 18
18
1Բաղդատ Սոքեցին պատասխանեց.
2«Այդ խոսքերին ե՞րբ եք վերջ տալու։ Հասկացե՛ք, ու դրանից հետո խոսենք։
3Ինչո՞ւ անասուն համարվենք ու ձեր աչքի առաջ հիմարներ լինենք։
4Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։
5Ամբարիշտի լույսն անշուշտ պիտի հանգչի, և նրա կրակի բոցը լույս չպիտի տա։
6Նրա վրանում լույսը պիտի խավարի, և նրա ճրագը նրա վրա պիտի հանգչի։
7Նրա քայլերի զորությունը պիտի տկարանա, ու նրա մտածածները պիտի տապալեն նրան։
8Որովհետև նա իր ոտքով ուռկանն է ընկել ու ցանցի վրա է գնում։
9Որոգայթը գարշապարը կբռնի. թակարդը նրա վրա կզորանա։
10Նրա ծուղակը հողի մեջ է թաքցված, և նրա որոգայթը՝ ճանապարհի վրա։
11Արհավիրքն ամեն կողմից զարհուրեցնում է նրան ու ամեն քայլափոխի հալածում է նրան։
12Նրա զորությունը պիտի սովածանա, և կործանումը կողքին պատրաստ է։
13Նրա մորթի մասերն ուտի. մահվան անդրանիկն իր անդամները ուտի։
14Նրան բռնությամբ պիտի պոկեն վրանից, որտեղ ապահով ապրում էր, և նրան պիտի քշեն զարհուրանքի թագավորի մոտ։
15Նրա վրանում կործանումը պիտի բնակվի։ Նրա բնակարանի վրա ծծումբ պիտի ցանվի։
16Նրա արմատները տակից պիտի չորանան, և ճյուղերը վերևից պիտի կտրվեն։
17Նրա հիշատակը երկրից պիտի կորչի, և անունը հրապարակների վրա չպիտի լինի։
18Նրան պիտի լույսից խավարի մեջ քշեն ու աշխարհից պիտի վտարեն նրան։
19Իր ազգատոհմում նա ո՛չ զավակ պիտի ունենա, ո՛չ թոռ, ու նրա բնակարաններում ոչ մեկը չպիտի մնա։
20Նրա վրա Արևմուտքում բնակվողները պիտի զարմանան, իսկ Արևելքում բնակվողները դողով բռնվեն։
21Ամբարիշտի բնակարաններում իրոք որ սա պիտի լինի. Աստծուն չճանաչողի տեղը սա է»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 18: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018