ՀՈԲ 17:1-16

ՀՈԲ 17:1-16 ՆՎԱԱ

«Հոգիս նվաղել է. օրերս կրճատված են. գերեզմանը սպասում է ինձ։ Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մոտ են, և իմ աչքն անդադար տեսնում է նրանց հակառակությունները։ Ապահովի՛ր, դու քեզ մոտ իմ երաշխավո՛րը եղիր. ո՞վ կա, որ ձեռքիցս բռնի։ Քանի որ դու իմաստությունը ծածկեցիր նրանց սրտից, դրա համար դու նրանց չես բարձրացնի։ Ով որ իր ընկերներին դավի վարձատրության համար, նրա զավակների աչքերը պիտի նվաղեն։ Աստված ժողովուրդների բերանի առակ դարձրեց ինձ, այնպիսին, որի երեսին մարդիկ թքում են։ Աչքերս տրտմությունից պղտորվել են, և մարմնիս բոլոր անդամները ստվերի պես են։ Արդարները դրանից ցնցվեցին, և անմեղը անաստվածի դեմ գրգռվեց։ Արդարն իր ճանապարհը պինդ կբռնի, և մաքուր ձեռք ունեցողը քանի գնա, կզորանա։ Բայց դուք ամենքդ էլ նորից եկե՛ք. ես ձեր մեջ իմաստուն չեմ գտնում։ Օրերս անցել են. իմ մտադրությունները, իմ սրտի խորհուրդները խափանվել են։ Այդ մարդիկ գիշերը ցերեկվա են փոխում, խավարի դիմաց ասում են՝ լույսը մոտ է։ Իմ հուսացած միակ տունը գերեզմանն է. իմ անկողինը խավարի մեջ պիտի գցեմ։ Ապականությանը գոչեմ՝ “Դու իմ հայրն ես”, որդերին՝ “Իմ մայրն ու քույրն եք”։ Եվ հիմա իմ հույսը որտե՞ղ է, իմ հույսն ո՞վ կտեսնի։ Հույսն ինձ հետ գերեզմանի դռնե՞րը պիտի իջնի, կամ միասին հողի մե՞ջ հանգստանանք»։