ՀՈԲ 13

13
1«Այդ ամենն իմ աչքը տեսել է, ականջս՝ լսել ու հասկացել։
2Ձեր իմացածի չափ ես էլ գիտեմ. ես ձեզանից պակաս չեմ։
3Բայց ես կուզենայի Ամենակարողի հետ խոսել ու կցանկանայի Աստծու մոտ դատս պաշտպանել։
4Սակայն դուք ստեր հորինողներ եք, դուք ամենքդ փուչ բժիշկներ եք։
5Երանի՜ բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։
6Լսեցե՛ք, խնդրեմ, իմ պատճառաբանությունը և իմ շրթունքների փաստերին ակա՛նջ դրեք։
7Աստծո՞ւ համար եք անիրավություններ խոսում, նրա՞ համար եք խաբեություններ խոսում։
8Մի՞թե նրան եք կողմնակալություն անում կամ Աստծո՞ւ համար եք փաստաբանում։
9Լա՞վ կլինի, որ նա ձեզ քննի, կամ նրան խաբել կարո՞ղ եք, ինչպես մարդուն են խաբում։
10Նա ձեզ անպայման կհանդիմանի, եթե թաքուն էլ կողմնակալություն անեք։
11Մի՞թե նրա վեհությունը ձեզ չի զարհուրեցնելու, և նրա երկյուղը ձեզ վրա չի ընկնելու։
12Ձեր հիշատակելի խոսքերը մոխրի առակներ են, ձեր պատնեշները՝ ցեխից պատնեշներ։
13Ինձ մոտ լո՛ւռ մնացեք, որ ես խոսեմ, և ինչ որ լինի, ինձ վրա՛ թող գա։
14Մարմինս ինչո՞ւ ատամներիս մեջ առնեմ, կյանքս էլ ափիս մեջ դնեմ։
15Տե՛ս, թե որ ինձ սպանի էլ, ես իրեն եմ հուսալու. միայն թե նրա առաջ իմ ճանապարհները պաշտպանեմ։
16Նաև այն է իմ փրկությունը, որ անաստվածը նրա առաջ չի գա։
17Իմ խոսքը լա՛վ լսեցեք, և իմ ասածը ձեր ականջներին թող հասնի։
18Ահա ես դատս կարգի եմ բերել, գիտեմ, որ արդար եմ լինելու։
19Ո՞վ է, որ ինձ հետ կվիճի, որովհետև այն ժամանակ պիտի լռեի ու մեռնեի։
20Միայն այս երկու բաները մի՛ արա ինձ. այն ժամանակ քո երեսից չեմ թաքնվի։
21Ձեռքդ ինձանից հեռացրո՛ւ, և քո երկյուղն ինձ թող չզարհուրեցնի։
22Հետո կանչի՛ր, ու ես կպատասխանեմ, կամ ես կխոսեմ, և դու պատասխա՛ն տուր։
23Իմ անօրենությունները և մեղքերն ինչքա՞ն են. իմ հանցանքն ու մեղքն ինձ իմացրո՛ւ։
24Երեսդ ինչո՞ւ ես ծածկում և ինձ քեզ թշնամի համարում։
25Մի՞թե քամուց քշված տերևին ես վախեցնում կամ չոր մղեղին ես հալածում։
26Որովհետև դու իմ դեմ դառը բաներ գրեցիր և իմ երիտասարդ ժամանակվա հանցանքներն ինձ ժառանգություն ես տալիս։
27Եվ ոտքերս կոճղի մեջ ես դնում ու քննում իմ բոլոր ճանապարհները, ոտքիս քայլերին սահմաններ ես դնում։
28Այնպես մարդը փտածի պես վայր է ընկնում, ցեցը կերած հագուստի պես մաշվում է»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 13: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք