ՀՈԲ 1:13-19

ՀՈԲ 1:13-19 ՆՎԱԱ

Մի օր Հոբի որդիներն ու աղջիկներն իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում։ Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Երբ եզները հերկում էին, ու մատակ էշերը նրանց կողքին արածում էին, սաբայեցիները հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Աստծու կրակը երկնքից թափվեց և հոտերն ու ծառաներին այրեց, նրանց ոչնչացրեց։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Քաղդեացիները, երեք գունդ կազմած, ուղտերի վրա հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Մինչ որդիներդ ու աղջիկներդ իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում, անապատից ուժեղ հողմ եկավ ու զարկեց տան չորս անկյուններին. տունը երիտասարդների վրա փուլ եկավ, ու նրանք մեռան։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։